ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեռևս չի կարող հստակ նշել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանում համաներում կկիրառվի՞, թե ոչ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանուկյանն այդ մասին նշեց՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում հաճախակի դարձած համաներումներին և արդյոք դրանով չի՞ լուծվում գերծանրաբեռնված կալանավայրերի խնդիրը։
«Թե որքանով կթեթևանա կալանավայրերի ծանրաբեռնվածությունը, կախված է նրանից, թե համաներումն ինչ ծավալ կկազմի։ Այս պահին հնարավոր չէ այդ մասին ասել, պարզ էլ չէ այժմ՝ համաներում կլինի՞, թե՞ ոչ։ Նման հարցադրում այս պահին գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ համաներումը նպատակ չունի ուղղել դատական սխալները կամ թեթևացնել կալանավայրերի ծանրաբեռնվածությունը: Ըստ նախարարի՝ այն ունի այլ նպատակ: Արդարադատության համակարգը, Մանուկյանի դիտարկմամբ, զերծ չէ դատական սխալներից։ «Դա երկրում իրավական համակարգի անկատարության հետևանք է, և քայլերը պետք է շարունակենք՝ այդ սխալները վերացնելու համար»,- ասաց նախարարը: