Ֆրանկֆուրտում Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարության մամուլի ասուլիսը դադարեցվել է, երբ բանկի քաղաքականության դեմ բողոքող ցուցարարը ցատկել է սեղանի վրա՝ բանկի նախագահ Մարիո Դրագիի առաջ՝ բացականչելով՝ «Վե՛րջ ԵԿԲ-ի բռնապետությանը»: Այդ մասին հայտնել է Reuters:
Հանդիպումը կազմակերպվել էր դրամավարկային քաղաքականությունը, ներառյալ՝ տոկոսադրույքները և գնաճը քննարկելու նպատակով:
Հանդիպումն անմիջապես դադարեցվել է, երբ կին ցուցարարը ցատկել է Դրագիի սեղանի վրա: Կնոջը հեռացրել են անվտանգության աշխատակիցները: Դրագին այնուհետ շարունակել է հանդիպումը հինգ րոպե տևողությամբ դադարից հետո:
Կնոջ ինքնությունը դեռևս չի հաստատվել, սակայն միկրոբլոգում, որը, ենթադրաբար, վարում են FEMEN շարժման ներկայացուցիչները, մի գրառում է հայտնվել այն մասին, որ ակցիան համակարգել է հենց այդ կազմակերպությունը: