«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, խորհուրդը նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնց ից առաջինը վերաբերել է բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը՝ պայմանավորված բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու իրավական նոր կարգավիճակով:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով Արմեն Աշոտյանին՝ Վիլեն Հակոբյանը նշել է, որ նա եղել է բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից, իր կրթական ու հասարակական- քաղաքական գործունեությամբ նպաստ է բերել բուհի զարգացմանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ է ընտրել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նախարարը շեշտել է, որ բժշկական համալսարանը կրթական համակարգում ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է և պատահական չէ, որ նրա դերը առանձնակի կարևորվում է: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է նաև, որ նոր իրավական կարգավիճակով պայմանավորված' լիազոր մարմնի և ռեկտորատի մի շարք իրավասություններ վերապահվում են հոգաբարձուների խորհրդին:
Նիստի ընթացքում ընտրվել է նաև հոգաբարձուների խորհրդի քարտուղար, հաստատվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը քննարկել է նաև ԵՊԲՀ ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը, որոշվել է ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի ապրիլի 20-ին, իսկ ընտրությունն անցկացնել հունիսի 5-ին՝ հաշվի առնելով թեկնածուների փաստաթղթերի ներկայացման 40-օրյա ժամկետի պահպանման կարգը:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհդի նիստում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր: