«Հայաստանի ներքին քաղաքական հաշվարկների համար հիմքեր չեմ տեսնում, որ Պարույր Հայրիկյանին խփեին: Մեր ներքին քաղաքական հարթության վրա հարցը չեմ տեսնում: Մի բան կարող եմ ասել՝ Հայաստանը ճամփաբաժանի առաջ է կանգնած, որտեղից պետք է ընթանա իր շահերից ելնելով: Եվ բնականաբար այն արտաքին ուժերը, որոնք շահագրգռված չեն դրանում, նրանք կարող էին խառը իրավիճակ ստեղծել, որպեսզի Հայաստանը չունենա այդ հնարավորությունը իր շահերից բխող ուղղությամբ առաջ ընթանալու համար»,-galatv.am-ի հետ զրույցում, խոսելով ներքաղաքական վերջին զարգացումներից, եւ, անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին, կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Չեմ կարող այդ բանի մասին փաստերով խոսել, բայց բոլոր վարկածներն էլ կյանք ունենալու իրավունք ունեն: Զուտ տպավորություններից ելնելով՝ կարող ենք ասել, որ տեղյակ են բոլորը, որ ռուսներին դուր չի գալիս քաղաքականությունը դեպի Եվրոպա, ռուսները դրա մասին թե՛ ռուսական, թե՛ հայկական լրատվամիջոցներով բացեիբաց ասում են: Կրեմլի պրոպագանդայի բոլոր մարմինները դրա մասին անթաքույց խոսում են: Դրա մասին գիտեն բոլորը, նաեւ գիտի Սերժ Սարգսյանը»:
Ըստ Մեհրաբյանի՝ Արեւմուտքի հարցում եւս դժվար չէ դատողություններ ու հետեւություններ անելը, սակայն Արեւմուտքը կսահմանափակվի օրինականություն պահպանելու, իրավապահ մարմինների կողմից շուտափույթ այս հանցագործությունը բացահայտելու եւ պրոցեսը օրենքի եւ միջազգային սահմաններում պահելու կոչերով:
«Ավելին Արեւմուտքից պետք չէ սպասել: Խնդիրը այնքան Պարույր Հայրիկյանը չէ, այլ հետեւանքը: Պարույր Հայրիկյանը ընտրված թիրախ էր: Հասցեատերը ընդհանրապես Հայաստանն է' որպես քաղաքական սուբյեկտ: Եթե մի երկրում նախագահության թեկնածուի վրա մահափորձ է իրականացվում, տվյալ երկրի հատուկ ծառայություններն ու իրավապահները լուրջ խնդիր ունեն: Դա նրանց մեծ բացթողումն է, որ տեղի է ունեցել այդպիսի բան Երեւան քաղաքում, եւ կլինի ավելի մեծ բացթողում, եթե նրանք այդ չարագործի ձեռքը չբռնեն»,- ասաց Ռ. Մեհրաբյանը:
Քրիստինա Մկրտչյան