Թուրքիան մեղադրվում է Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-րդ տարելիցի նշանակությունը նսեմացնելու մեջ` Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի ոգեկոչումը նույն օրը տեղափոխելով: Այս մասին գրել է Կոնստանց Լետչը The Guardianպարբերականում:
Գալիպոլիի թերակղզում 1915 թվականին ռազմական գործողությունների տարելիցը միշտ նշվել է ապրիլի 25-ին՝ Օսմանյան կայսրությունում ավելի քան 1 մլն հայերի կոտորածի հիշատակի միջոցառումներից հետո: Այս տարի, սակայն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է պետությունների առաջնորդներին ապրիլի 24-ին Գալիպոլիում միանալու իրեն:
«Սա շատ անպարկեշտ քաղաքական քայլ է,- ասել է հետազոտող, «Ակոս» հայկական շաբաթաթերթի թղթակից Օհանես Քիլիչդաղին:- Էժանագին քաղաքականություն է` փորձել Թուրքիայի վրա ճնշումը ցրել 100-րդ տարելիցի օրը այս միջոցառումը կազմակերպելով»:
«Բոլորն էլ գիտեն, որ Գալիպոլիին առնչվող հիշատակի երկու միջոցառումներն ամեն տարի անցկացվել են մարտի 18-ին և ապրիլի 25-ին»,- ասել է նա:
Արքայազն Չարլզը, արքայազն Հարին, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտն ու Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հաստատել են իրենց մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին: Որպես ապրիլի 24-ին անցկացվելիք ծրագրի մաս՝ մի քանի զինվորական գերեզմանատներում արարողություններ կանցկացվեն: ԱԳՆ խոսնակն ասել էր, որ Գալիպոլիի ամենամյա միջոցառումները «մի քանի տարի» անցկացվել են և՛ ապրիլի 24-ին, և՛ 25-ին:
Միևնույն ժամանակ հարյուրավոր մարդիկ կհավաքվեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է անցկացվում 2010 թվականից: Հերթական հավաքը կանցկացվի արևելյան Դիարբեքիր քաղաքում՝ կարևոր կենտրոն, որտեղից նահանգապետը վերահսկել է 1915-ի զանգվածային սպանությունները: Գլխավոր միջոցառումը տեղի կունենա Երևանում` մի շարք օտարերկրացի բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ, ովքեր կժամանեն Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և այլ տեղերից:
Թուրքական կառավարության ջանքերը՝ կոտորածի հիշատակումից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու ջանքերը հայերի կողմից անվանվել են «ամոթալի»:
«Դա միայն Գալիպոլին չէ,- ասել է հայ սյունակագիր, գրող Նազար Բույումը:- Ինչ-որ մեկը նաև հանդգնություն է ունեցել Գալիպոլիի հիշատակի համերգի կազմակերպում առաջարկել Ստամբուլի հայկական եկեղեցում ապրիլի 24-ի համար: Կառավարությունն անում է ամեն ինչ՝ այս տարի ստվերելու Ցեղասպանության 100-րդ տարելիցը»:
Թուրքիան հրաժարվում է ստանձնել Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայերի սպանդի պատասխանատվությունը: Վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտել են Պապին ու ԵՄ-ին 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելու համար:
Սյուժեն խտացավ հինգշաբթի, երբ հայտարարվեց, որ թուրքական կառավարության ավագ խորհրդական Էթիեն Մահչուփյանը վայր դրեց լիազորություններն օրեր անց այն բանից, երբ նա նույնպես օգտագործեց ցեղասպանություն բառը: Պաշտոնյաներն ասել են, որ նա թոշակի է անցել, որովհետև դարձել է 65 տարեկան:
Թուրքիայում այսօր ապրող 100 հազար հայեր կա, բայց շատերը տեղի թշնամանքից չափազանց զգուշավոր են՝ բացահայտ ուրվագծելու իրենց ազգությունը, դեռևս քչերն են խոստովանել իրենց քրիստոնեական հավատքը:
Պրոֆեսոր Այհան Աքթարը՝ Ստամբուլի Բիլգի համալսարանից, ով երկար ժամանակ հետազոտել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, չի զարմացել Գալիպոլիի միջոցառումների ամսաթվի տեղափոխության վերաբերյալ կառավարության որոշումից:
«Թուրքիան առաջ է մղում Առաջին համաշխարհայինի մարտի դաշտերում զոհված թուրքերին` վիճարկելով, որ, այո, հայեր կարող են մահացած լինել, բայց նաև իրենց նախնիներն են մահացել: «Այդ քայլը միայն շարունակում է այս պաշտպանական գիծը: Դա անվայել է և խայտառակություն»,- ասել է նա:
Մինչդեռ հայկական պետության առաջնորդն ու արտերկրի շատ հայեր իրենց վրդովմունքն են հայտնել Թուրքիայի դիվանագիտական արկածախնդրության առնչությամբ, արձագանքը Թուրքիայում եղել է բավականին լուռ: Քիլիչդաղիի խոսքով՝ պատճառներից մեկը Թուրքիայում հայկական համայնքի նկատմամբ բռնության մշտական վախն է:
«Թեև իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է, և չնայած համերաշխությունը հայ համայնքի հետ մեծացել է, շատերը սովորել են ապրել մշտական վախով»,- ասել է նա:- Այն գրեթե ռեֆլեքս է դարձել: Հայերը դեռևս խոցելի խումբ են Թուրքիայում»:
Գալիպոլիի հիշատակի պաշտոնական արարողություններն ապրիլի 24 տեղափոխելու Անկարայի հայտարարությունից հետո քննադատներն արագորեն մատնացույց են արել, որ այդ օրը Գալիպոլիում ոչ մի կարևոր ռազմական իրադարձություն չի եղել և որ հայերն ավելի մեծ իրավական պահանջ ունեն, քանի որ 1915 թվականի ապրիլի 24-ին են Օսմանյան իշխանությունները Ստամբուլում սկսել ձերբակալել հայ մտավորականներին:
Անցած տարի հայ-թուրքական մերձեցման հույսերը մեծացան, երբ Էրդողանը ցավակցություն հայտնեց բոլոր սպանված հայերի թոռներին: Բայց այս տարվա գործողություններն օտարել են Թուրքիայում 100 հազարանոց հայկական հաստատուն համայնքը:
«Էրդողանի՝ անցած տարվա խոսքերից հետո սա մեծ հիասթափություն է»,- ասել է Նայաթ Քարաքյոզը, ով ծրագրային համակարգող է Հրանտ Դինքի հիմնադրամում՝ 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրողի անունը կրող ստամբուլյան կազմակերպություն, որը զբաղվում է հայ-թուրքական հաշտեցման խթանմամբ, հետազոտություններով ու մշակութային հարցերով:
«Մենք ակնկալում էինք ավելի դրական քայլ, քան ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման Հայաստանի ջանքից միջազգային ուշադրությունը շեղելու փորձերն են»:
Թուրք լրագրող և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Օրհան Քեմալ Չենգիզի խոսքով՝ գալիք խորհրդարանական ընտրություններն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ցանկացած նշանակալի զիջում դարձրել են անհնարին:
«Նրանք փորձում են հավաքել ավելի շատ ազգայնական ձայներ: Էրդողանը շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է, ով մեծապես գիտակցում է քաղաքական առավելությունները, որը կարող է ստանալ իր արած ցանկացած քայլով,- ասել է Չենգիզը:- Բայց հայկական հարցը խղճի և բարոյականության հարց է, այդ իսկ պատճառով Էրդողանն այն առաջնորդը չէ, ով կլուծի այն»: