Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի օգտագործի «ցեղասպանություն» բառը, ապա դա կլինի շեշտակի հարված թուրքական մերժողականությանը և զարկ կտա Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին: Նման տեսակետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում արտահայտեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

«ԱՄՆ-ի «կարծիքից» շատ բան է կախված, եթե Օբաման դա ասի, մեծ օգուտ կլինի ցեղասպանության ժխտման դեմ պայքարում, որը տանում է Հայաստանը միջազգային ասպարեզում, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման գործընթացին զարկ կտա: Ճանաչման դեպքում՝ ԱՄՆ-ում կան օրենքներ, որոնց համաձայն  ցեղասպանության հետևորդները կարող են դատական հայցերով ներկայանալ և կոմպենսացիա պահանջել: Եթե Օբաման նորից օգտագործի «Մեծ Եղեռն» արտահայտությունը՝ դրանով փորձելով սփոփել հայերին՝ ոչինչ էլ չի փոխվի, և ամեն ինչ կմնա նույնը»,- ասում է քաղաքագետը:

 

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը կարևոր հանգամանք էր ժխտողականության դեմ պայքարում: Մինչև այս կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը երբևէ այսպիսի մեծամասշտաբ ժամերգություն չէր կազմակերպել: «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր ելույթում հատուկ երեք դրվագ նշեց՝ Հայոց Մեծ Եղեռնը, ֆաշիզմը, ստալինիզմը: Ֆրանցիսկոս Պապի արտահայտությունը շատ մեծ ազդեցություն կունենա ապագայում, քանի որ կաթոլիկ երկրների իշխանությունները չեն կարող անտեսել Հռոմի Պապի կոչը: Քիչ առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերըհայտարարեց, որ ինքը կողմ է «ցեղասպանություն» անվանել այն իրադարձությունները, ինչ տեղի են ունեցել 20-րդ դարի սկզբում հայերի հետ Օսմանյան կայսրության տարածքում: Մինչև ապրիլի 24-ը դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ ևս մի քանի խոշորագույն երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

 

Քաղաքագետի կարծում է, որ մենք պահանջ ներկայացնում ենք, բայց թե դրանից հետո ի՞նչ պետք է լինի, մենք դրա վերաբերյալ շատ վատ պատկերացումներ ունենք: Նկատում է նաև, որ մեր իշխանություններն արել են այն ամենը, ինչ հնարավոր էր,  և ավելին որևիցէ բան անել հնարավոր չէ:

 

«Իմ կարծիքով՝ լավ կլիներ Հայաստան ժամանեին այն երկրների պատվիրակությունները, ովքեր 1965 թվականից սկսված ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և օրենքի ուժ են տվել դրան: Ես կարծում եմ, որ պետք է մենք աշխատենք որակի վրա, այլ ոչ թե քանակի: Եղել են նաև երկրներ՝ մերժել են ՀՀ իշխանությունների հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին. Նորվեգիան է և հայաշատ Ավստրալիան, որտեղ, պարզվում է, մեր համայնքն այնքան ուժ չի ունեցել պարտադրել իշխանություններին ապրիլի 24-ին ներկայանալ Երևանում, ընդհակաառակը՝ բարձր մակարդակով  ներկայացված կլինի Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի ոգեկոչման խեղկատակ տոնակատարություններին, որոնք բացարձակ կապ չունեն ապրիլի 24-ի հետ»,- ասաց Համբարյանը: