Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հնչել են կոմիտասյան երաժշտություն և հայկական ծիրանափող:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է. «1944 թվականին լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը' նկատի ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Ուղիղ 100 տարի առաջ Թուրքիայի ղեկավարությունն իրականացրեց մի ողջ ժողովրդի ցեղասպանություն և հայրենազրկում միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ էին, դավանանքով' քրիստոնյա:

 

 

Ապրիլյան իրադարձություններից ընդամենը մեկ ամիս անց' մայիսի 24-ին, Անտանտի երկրները Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործությունը որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Սա խոսում է այն մասին, որ դեռևս 100 տարի առաջ առաջադեմ մարդկությունը գիտակցել է կատարվածի ողջ լրջությունը: Մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է համառորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը:

 

 

Կարծում եմ, որ մենք պետք է ոչ միայն դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, այլև առաջադեմ մարդկության հետ մեկտեղ պայքարենք' հասնելու Ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Միայն քրեականացումը կարող է փակել դռները նոր ցեղասպանությունների առջև»: