100 տարի առաջ Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների մասին հերթական անգամ հիշեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ինչին թուրքական  իշխանությունների արձագանքը չափազանց կտրուկ էր: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Մինչ օրս պաշտոնական Բեռլինը, զգուշանալով ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայից, խուսափում էր «ցեղասպանություն» տերմինից: Սակայն հասարակական ճնշումը ստիպում է քաղաքական գործիչներին իրերն իրենց անուններով կոչել: Հայտնի է, որ ապրիլի 24-ին բունդեսթագի (խորհրդարան) նիստում 100-ամյա վաղեմության դեպքերը կանվանվեն «ցեղասպանություն»:

Tagesspiegel թերթում լույս տեսած «Հայկական հարցը ցուցադրում է Էրդողանի թուլությունը» խորագրով հոդվածում Թոմաս Զայբերտը գրում է, որ Թուրքիայի` Ցեղասպանության փաստը ճանաչելուց հրաժարվելը պայմանավորված է ոչ միայն ազգային հպարտությամբ: Հեղինակի կարծիքով` պատճառը նաև այն է, որ Թուրքիայի նախագահը դարձել է քննադատության թիրախ նույնիսկ իր սեփական կուսակցությունում, և Ցեղասպանության ճանաչումը կարող է ընդդիմադիրների կողմից որպես իր թուլության խորհրդանիշ ընդունվել:

 

 

Թուրքիայի ղեկավարության կողմից «ցեղասպանություն» բառը չօգտագործելը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է սկզբունքային խնդրով: Անկարան պատրաստ չէ ընդունել, որ Օսմանյան կայսրության ղեկավարությունը 1915-ին իր վրա է վերցրել հայերի հանդեպ գործած այդ ծանրագույն մեղքը:

Der Spiegel շաբաթաթերթը հրապարակել է Ռոլանդ Նելեսի մեկնաբանությունը` «Ցեղասպանությունը ցեղասպանություն է» խորագրով: Հեղինակը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի հետ վեճում միանշանակ դիրք զբաղեցնել, սակայն հնարավորինս խուսափել դասեր տալուց:

«Ազգեր վերացնելու հարցում, ինչպես հայտնի է, գերմանացիները փորձ ունեն: Այժմ նախատեսված են Մեծ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունները: Նրանք մեզ կհիշեցնեն, թե ինչ դաժան պրոֆեսիոնալիզմով են միլիոնավոր գերմանացիներ Եվրոպան վերածել արյունոտ սպանդի: Այդ պատճառով էլ գերմանացի քաղաքական գործիչները պետք է մեկընդմիշտ հասկանան, որ իրենք պետք է զգուշություն դրսևորեն, եթե պատրաստվում են բացատրել այլ երկրների՝ ինչպես լուծել իրենց պատմությունը»,- գրում է հեղինակը:

 

 

Ցեղասպանությունն ընդունելու շուրջ քննարկումը, որ սկսվել է Բեռլինում, անհրաժեշտ է: Խոսքը նրա մասին է, որ կառավարությունը, խորհրդարանը և նախագահը պետք է պաշտպանեն այն արժեքները, որոնց վրա հիմնված է այժմյան Գերմանիան: Դրանք մարդու իրավունքներն են, ազատությունը և հաշտեցումը ժողովուրդների միջև:

Հետևաբար, հայ ժողովրդի ողբերգության հիշատակի օրն առիթ է գերմանական պատասխանատվության մասին հիշելու համար: Գերմանիան եղել է այն ժամանակ, երբ ցեղասպանություն է իրականացվել իր դաշնակցի կողմից: Շատ գերմանական գերատեսչություններ իմացել են ցեղասպանության մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել:

Իհարկե, Գերմանիայի դիրքորոշման նման փոփոխությունը կբարկացնի շատ թուրքերի և նրանց հպարտ նախագահ Էրդողանին, հատկապես այժմ, երբ Թուրքիայում նախընտրական պայքար է ընթանում: Մենք դեռ շատ ազգայնական կարգախոսներ կլսենք, գրում է հեղինակը: Սակայն դա ժամանակավոր է, քանի որ Գերմանիան չափազանց կարևոր գործընկեր է Թուրքիայի համար, որպեսզի նա խզի հարաբերությունները: