ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրեց 3 մլն 705 հազար դրամի պետական աջակցություն՝ ադրբեջանական կողմից մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների բնակելի տներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ 2015 թ. փետրվարի 2-20-ը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ուսումնասիրվել են մարզի Այգեպար, Ն. Կ. Աղբյուր, Մովսես, Բաղանիս, Բերդավան, Դովեղ, Վազաշեն և Չինարի համայնքներում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները:
Պարզվել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 8 համայնքի 82 բնակչի գույք՝ 3 մլն 705 հազար դրամ արժողությամբ: Մասնավորապես, Այգեպարում գնդակոծությունների հետևանքով տուժել են 30 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 688 հազար դրամ: Ն. Կ. Աղբյուր համայնքում տուժել են 11 քաղաքացի, բուժկետի և մանկապարտեզի շենքերը, վնասի ընդհանուր չափը կազմում է 1 մլն711 հազար դրամ: Բաղանիսում գնդակոծությունների հետևանքով տուժել են 5 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 200 հազար դրամ, Մովսեսում՝ 14 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 153 հազար դրամ, Չինարիում՝ 7 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 235 հազար դրամ, Բերդավանքում՝ 3 քաղաքացի, վնասի չափը կազմում է 149 հազար դրամ, Դովեղում՝ 1 քաղաքացի, վնասի չափը կազմում է 20 հազար դրամ, Վազաշենում՝ 11 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 268 հազար դրամ:
Տավուշի մարզի Բերդավան, Չինարի և Վազաշեն համայնքներում փետրվարի 2-20-ը վնասվել է նաև 3 տրանսպորտային միջոց, վնասի ընդհանուր չափը կազմում է 280 հազար դրամ: