ԼՂ հակամարտությունը սառեցվել է 21 տարի առաջ: Այդ ընթացքում Ադրբեջանն արևմտյան նավթային ընկերությունների հետ մի շարք պայմանագրեր է կնքել, գրում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման մասին:
«Ցանկացած պահի ռազմական գործողությունները Ղարաբաղում կարող են վերսկսվել»,- գրում է գործակալությունը:
Bloomberg-ը նշում է, որ հակամարտության գոտում ներկայիս բախումների ինտենսիվությունը կարող է սպառնալիքի տակ դնել արևմտյան ներդրումները և շատ անկայուն իրավիճակ ստեղծել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև եղած տարածքում:
Համաձայն Royal Bank of Scotland Group Plc-ի վերլուծաբանների՝ Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կարող են ավելի մեծ բախումների պատճառ դառնալ:
RBS-ի լոնդոնցի վերլուծաբան Աննա Թոքարի պնդմամբ՝ այդ ընտրությունները տարածաշրջանում լարվածության աճի և մասշտաբային հակամարտության ռիսկերի պատճառ կդառնան:
Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լոուրենս Շիթսը ևս նշում է, որ ռազմական գործողությունները Ղարաբաղում կարող են ցանկացած պահի վերսկսվել:
«20 տարի կողմերը միայն հրազեն են կիրառել: Իսկ հիմա գործի են դրվել ականանետներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և անօդաչուներ»,- նշում է փորձագետը: