«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, այսօր' փետրվարի 4-ին, ԱԺ այցելելու մեջ որեւէ արտակարգ եւ տարօրինակ բան չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ որեւէ «Էքստրօրդինար» բան տեղի չի ունեցել: «Որեւէ արտակարգ բան չկար, պարոն Ծառուկյանը' որպես պատգամավոր, մասնակցել է ԱԺ աշխատանքներին»,- ասաց մամուլի քարտուղարը: Իսկ թե ինչն էր պատճառ, որ այսօր ԱԺ-ում նա մնացել է ընդամենը 30 րոպե, նա նշեց, որ պլանավորված հանդիպում ուներ:

Իվետա Տոնոյանի խոսքով' նախկինում Գագիկ Ծառուկյանի նիստերին չմասնակցելը պայմանավորված էր բացառապես տարբեր ոլորտներում նրա աշխատանքային ծանրաբեռնվածությամբ կամ էլ քառօրյաները ուղղակի համընկել են արտերկրում նրա գտնվելու ժամանակահատվածների հետ:

Ի դեպ, նրա խոսքով, առաջիկայում եւս Գագիկ Ծառուկյանը կլինի ԱԺ-ում: Ինչ վերաբերում է մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելելուն, նա ասաց, որ այդ մասով որեւէ բան չի կարող ասել, չի տիրապետում առաջիկա անելիքներին: