Թել Ավիվի կենտրոնում Եթովպիայից ներգաղթածների բողոքի ակցիայի մասնակիցների հետ փողոցային բախումների ժամանակ ավելի քան 20 ոստիկան է վիրավորվել: Այդ մասին հայտնել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ցուցարարները վնասել են ոստիկանների մեքենան և մի քանի մոտոցիկլետ: Ռոզենֆելդը հայտնել է, որ ոստիկանները վնասվածքներ են ստացել, երբ նրանց վրա սկսել են քարեր նետել: Երբ ցուցարարները վնասել են ոստիկանական ավտոմեքենան, ոստիկանությունը խլացնող նռնակներ է կիրառել:
Ինչպես հայտնում է Իսրայելի հեռուստատեսությունը, ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել: Վիրավորվել է մի քանի ցուցարար:
Ցուցարարները դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ՝ ի նշան Իսրայելի պաշտպանության բանակի եթովպացի զինծառայողի նկատմամբ ոստիկանների կողմից բռնության կիրառման դեմ բողոքի: Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է միջադեպը: Ակցիայի մասնակիցները պահանջում են հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին: