Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ կուբայական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոն հանդիպում են ունեցել Հավանայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BFM TV տեղեկատվական ալիքը:
Քաղաքական գործիչների զրույցը շարունակվել է մոտ մեկ ժամ: Փակ ռեժիմով կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:
Օլանդը ֆրանսիացի լրագրողների համար արված կարճ մեկնաբանության մեջ խոստովանել է, որ «ցանկանում էր ապրել պատմական պահը»: «Դա Կուբայի պատմությունն է, համաշխարհային պատմություն,- ասել է նա:- Իմ առջեւ այն մարդն էր, որը պատմություն է կերտել»:
Օլանդը դարձել է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Ֆրանսիայի առաջին նախագահը, որն այցելել է Կուբա:
Այցի ընթացքում Օլանդը կոչ է արել ԱՄՆ-ին չեղարկել բռնարգելքը, որը, նրա կարծիքով, հսկայական վնաս է հասցնում Կուբայի տնտեսությանը:
Տեղական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են, որ ֆրանսիական Total նավթի-գազի ընկերությունը եւ Կուբայի CubaPetroleo պետական նավթընկերությունը համաձայնագիր են ստորագրել շելֆերում նավթի հանքավայրերի հետախուզման վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: