Ինչպեսև օրերս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր իր տարեկան զեկույցում արձանագրել, ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների, 2012-ի մայիսվեցյան խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններում ուղղակի բռնութան դեպքերը լրագրողների նկատմամբ նվազել էին: Փոխարենն, իհարկե, 2011-2012 թվականներին, «Վիրավորանքի և զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացումից հետո աննախադեպ թվով դատական հայցեր գրանցվեցին ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ' հաշվեհարդարը տեղափոխելով ֆինանսկան ճնշումների հարթություն:
«Այս պատմություններից պետք է բոլորը դասեր քաղեն. լրատվամիջոցները և լրագրողները, մանավանդ, երբ խոսքը գնում է քննադատության մասին, պետք է զգոն լինեն, մանրակրկիտ ստուգեն փաստերը, մյուս կողմից, իհարկե, քաղաքական գործիչները պետք է ուսումնասիրեն, չալարեն և կարդան Եվրոպական դատարանի նախադեպերը, ծանոթանան, տեսնեն, թե քաղաքակիրթ երկրներում ինչպիսինն են հարաբերությունները մամուլի և քաղաքական գործիչների, մամուլի և հայտնի մարդկանց միջև»,- galatv.am-ի հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
Մեր հարցին, թե մասնագետի կարծիքով, այդ ընթերցանություններն ու միջազգային փորձի ուսումնասիրությունները գործնականում դրական արդյունք կարո՞ղ են ունենալ, եթե գործարարը կամ քաղաքական գործիչը նպատակ ունի փակել տվյալ լրատվամիջոցը կամ ֆինանսական լուրջ հարված հասցնել' իմանալով, որ թիկունքում կա դատական իշխանության աջակցությունը, Աշոտ Մելիքյանն արձագանքեց .
«Այդ ամենը կա, իհարկե, և այդտեղ արդեն լրագրողական հանրությունը պետք է ոտքի կանգնի, պետք է լրագրողական համերաշխություն ցուցաբերի: Չնայած մեզանում դա շատ դժվար է, որովհետև լրատվամիջոցները բաժանվել են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների և սպասարկում են տարբեր քաղաքական շահեր»:
Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, գալիս է ժամանակ, երբ լրագրողական համերաշխություն պետք է լինի և միասնական ընդվզում:
Սիրանուշ Հարությունյան