Չնայած ՀՀ կառավարության հռչակած' մարզերի համաչափ զարգացման և ապակենտրոնացման քաղաքականությանն ու Դիլիջանը՝ ֆինանսական, Գյումրին մշակութային կենտրոններ հայտարարելուն' Վանաձորը, սակայն, չհռչակվեց երիտասարդական մայրաքաղաք: Ավելին՝ ըստ էության մերժվեց Լոռու մարզպետի' կառավարությանն ուղղված միջնորդությունն այդ կապակցությամբ:

Հավանության արժանացնելով «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի' Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նախաձեռնությունը' Լոռու մարզպետը հարցի դրական լուծման խնդրանքով համապատասխան միջնորդագիր էր հղել ՀՀ վարչապետին: Վերջինս իր հերթին դիմումը մակագրել էր համապատասխան գերատեսչությանը' սպորտի և երիտասարդության նախարարությանը:

Ստացվել է պատասխան, որ նախարարության 2013 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է մշակել երիտասարդական մայրաքաղաք հռչակելու մրցութային առաջարկների ներկայացման կանոնակարգ, որի հաստատումից հետո կհայտարարվի մրցույթ, որի արդյունքներով էլ կընտրվի 2014 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաքը: Նշված կանոնակարգը դեռ պետք է քննության առնվի նաև վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստում: Նշված է, որ Լոռու մարզպետի առաջարկն առավել նպատակահարմար է քննարկել այդ կանոնակարգը հաստատելուց հետո:

«Ըստ գրության' առաջարկը թողնվում է 2014-ին' մրցույթով նախատեսված կարգով՝ այն դեպքում, երբ մենք այս տարվա համար էինք դիմել, և մինչև 2014-ը դեռ կա ամբողջ 2013 թվական: Նախարարության կողմից կամ խնդիրը լավ չի ուսումնասիրվել, մակերեսային են վերաբերվել, կամ իրականում փորձել են շրջանցել: Միգուցե այլ միտում էլ կա՝ չգիտեմ»,- ասում է «Լոռեցիների միավորում» ԲՀԿ ղեկավար Մենուա Բրուտյանը:

Ըստ նրա' անարդար է, որ տարբեր քաղաքներ կենտրոններ հռչակելիս կառավարությունը չի առաջնորդվել մրցութային կարգով և միայն Վանաձորի դեպքում այդպես վարվեց, առավել ևս, որ նախաձեռնությունը լոռեցիներինն է, և իրենց կազմակերպությունն էլ ներկայացել է արդեն կատարված աշխատանքով:

Չնայած կառավարության այս դիրքորոշմանը' առանց պետական մասնակցության հունվարի 26-ին' Սիրո և երիտասարդության օրը, «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ն նախաձեռնությանը միացած մի շարք աջակիցների հետ Վանաձորը հռչակեց համահայկական երիտասարդական մայրաքաղաք: Նույն օրն էլ տրվեց նախագծի մեկնարկը' երիտասարդական ակումբների դաշնության զարգացման 10-րդ ֆորումով, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից ժամանած երիտասարդական ակումբների ներկայացուցիչներ, ղեկավարներ:

Չունենալով պետական աջակցություն' նախաձեռնությունը ձևավորվում է քաղաքացիական հասարակության դաշտում: Արձագանքել են «Երիտասարդական ակումբների դաշնությունը», «Միասին» երիտասարդական շարժումը, Լեհաստանի «Երիտասարդ հայերի միությունը», մի շարք եվրոպական երիտասարդական կազմակերպություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներգրավվել գործընթացին և իրենց միջոցառումները կազմակերպել հենց Վանաձորում:

Նախաձեռնությանն աջակցում է նաև թիվ 30 ընտրատարածքում ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Շատ ցանկալի է, որ պետական կարգավիճակ ստանանք, բայց նույնիսկ եթե այդպես չլինի, մեծ խնդիր չէ: Շատ ավելի լավ, որ հասարակական գործընթացների արդյունքում Վանաձորը կայանա որպես մայրաքաղաք: Ավելի կարևոր է, որ կոնկրետ գործընթացներ ծավալվեն, ոչ թե փաստաթղթով հռչակվի կառավարության կողմից, բայց այդպես էլ կյանքի չկոչվի և մնա թղթի վրա»,- նշում է Մ. Բրուտյանը: