Անկարայի պաշտոնական ներկայացուցիչը «Թուրքական հոսք» գազատարի շահագործման մեկնարկի նոր ժամկետներ է նշել, տեղեկացնում է lenta.ru-ն:

 

Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմն «Интерфакс»-ին տված հարցազրույցում նշել է, որ գազամուղի շահագործման մեկնարկին հավանաբար պետք է սպասել 2017 թվականից հետո:

 

Ավելի վաղ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ «Թուրքական հոսքը» նախատեսվում է շահագործել 2016 թվականի դեկտեմբերին:

 

Թուրք դեսպանի խոսքով` Անկարան և Մոսկվան «դեռ չեն հասել նախագծի մեկնարկի փուլին»: «Այսօր երևի սխալ կլինի որպես գազամուղի շահագործման մեկնարկի ամսաթիվ նշել 2016 կամ 2017 թվականը»,- նշել է Յարդըմը` հավելելով, որ նախագծի հաջող իրականացումը կդառնա «մեծ հաղթանակ և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի համար»:

 

Դեսպանը հիշեցրել է, որ այժմ երկու երկրների միջև «չկա ստորագրված պարտավորեցնող պայմանագիր», բայց կա «այդ նախագիծն իրականացնելու ցանկություն և մտադրություն»: