ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տրամադրված է խստացնել գազալցակայանների վերահսկողությունը: Այս մասին հայտարարեց նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ վերջին շրջանում գազալցակայանների հաճախակի խախտումների ու դրանց նկատմամբ վերահսկողության վերաբերյալ: «Ես կիսում եմ ձեր մտահոգությունները: Իրոք, վերջերս հաճախակիացել են պայթյունները գազալցակայաններում: Գազալցակայանները պարբերաբար անցնում են փորձաքննություններ: Պայթյունների դեպքում մենք կատարում ենք համապատասխան փորձաքննություններ՝ պայթյունների հետևանքները պարզելու համար: Հիմնականում գազալցակայաններն ավտոմեքենաները լիցքավորում են խախտումներով: Պետք է խստացնենք մեր վերահսկողությունը, որ գազալցկայանները նորմայի սահմաններում սպասարկեն ավտոմեքենաները»,-ասաց նախարարը:

 

 

Վերջին մեկ ամսում հանրապետության գազլցակայաններում երեքից ավելի պայթյուն է տեղի ունեցել, այդ թվում մահվան ելքով: Մայիսի 12-ին պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում, մայիսի 14-ին՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում, մահացել է 24-ամյա երիտասարդ, ով նույն գյուղի բնակիչ է: Իսկ մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն: Պարզվել է, որ դեռևս չբացահայտվա ծ հանգամանքներում Հ. Հ.-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով երեք անձ վերակենդանացման բաժանմունքում է լուրջ այրվածներով: