«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ ճշտելու կօգնի՞ արդյոք քաղաքացիական բողոքը կանգնեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
Սաքունցը նշեց, որ քանի դեռ այսօր երեկոյան ակցիան չի եղել, դժվար է որևիցե գնահատական տալ.
«Այսօրվա երթը ցույց կտա, թե ինչ աստիճանի է քաղաքացիական բողոքի էներգետիկան: Մինչ այդ, դժվար է որևէ գնահատական տալ: Բայց միանշանակ համոզված եմ, որ եթե լինի նույն բողոքի ակցիան, ինչ հարյուր դրամի ակցիայի ժամանակ էր, միանշանակ է, որ իշխանությունը չի համարձակվի գնալ այդպիսի թանկացման:
Չնայած սա կախված է նաև քաղաքական որոշակի տիրույթից, իհարկե, ոչ հայկական, այլ ռուսական կողմից՝ որպես բաշխիչ ցանցերի կառավարիչ:
Բոլոր դեպքերում շատ վատ վիճակ է, սա հերթական անգամ ցույց կտա, թե ՀՀ իշխանության համար ինչն է ավելի կարևոր, ՀՀ քաղաքացիների շահե՞րը, թե՞ ռուսական բիզնես շահը»,- ասաց Սաքունցը և հավելեց, որ շատ կարևոր էր «Մութ ժամեր» ակցիան և, հետաքրքիր է, թե որքանո՞վ դա վնասեց ՀԷՑ-ին:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի հանրահավաք-երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: