Ամերիկուհի Հարիետ Թոմփսոնը դարձել է աշխարհում ամենատարեց կինը, որը մարաթոնյան տարածություն է հաղթահարել: 92-ամյա կինը մայիսի 31-ին Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում մասնակցել է 42 կիլոմետր երկարությամբ վազքահերթին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:
«Թոմփսոնը 42 կիլոմետր և 195 մետր մրցատարածությունը հաղթահարել է 7 ժամ, 24 րոպե և 36 վայրկյանում»,- ասված է ալիքի հաղորդագրության մեջ: Նաև ընդգծվում է, որ տարեց տիկնոջ համար դա եղել է արդեն թվով 16-րդ մարաթոնը:
Վազքահերթի անցկացման օրը Թոմսոնը եղել է 92 տարեկան և 65 օրական: Նախորդ ռեկորդը պատկանում էր Գլեդիս Բարրիլին, որը մարաթոնն անցել է 92 տարեկան և 19 օրականում:
«Ես զարմացած եմ իմ անձի նկատմամբ համընդհանուր հետաքրքրությունից,- հայտարարել է Թոմփսոնը վերջնագիծը հատելուց հետո:- Չեմ կարծում, թե արտասովոր բան եմ արել, թեև ինձ համար հաճելի է»: Նա ասել է, որ ամեն տարի իր մերձավորներին և ծանոթներին խոստանում է «ավարտել մարզական կարիերան», սակայն, նրա խոսքով՝ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում դա անել:
Այս տարի Սան Դիեգոյի մարաթոնին մասնակցել է 25 հազար մարդ աշխարհի 43 երկրներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: