Լոնդոնի օլիմպիադայի փոխչեմպիոն, 2014թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն «Օրակարգ» հաղորդման շրջանակներում խոսել է Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին չմասնակցելու մասին:
«Բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ Բաքու 2015-ը՝ առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը: Նման խաղեր բոլոր մայրցամաքներն ունեին՝ Ասիան, Ամերիկան, Ավստրալիան էլ, կարծես, ունի, Եվրոպան չուներ, և որոշում կայացվեց անցյալ տարի: Ընդամենը մեկ թեկնածու կար՝ Բաքուն, և պարզ է՝ առանց հակառակորդի, առանց մրցակցության հենց Բաքուն էլ ընտրվեց, և այդտեղից սկսվեցին մեր խնդիրները: Ինչո՞ւ խնդիրները: Մարզասերները և երևի ողջ հայ ժողովուրդը հիշում է՝ 2007 թվականին այնտեղ օլիմպիական վարկանիշային աշխարհի առաջնություն եղավ, և ես անձամբ մասնակցեցի: Չէինք կարող չմասնակցել, որովհետև վարկանիշային էր, և չմասնակցելու դեպքում օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ուղղակի չէինք ունենա»:
Ջուլֆալակյանը նշել է, որ այդ ժամանակ անվտանգության երաշխիքներ եղել են Բաքվի կողմից և դրանք պահպանվել են, սակայն, այնուամենայնիվ, մթնոլորտը ճնշող է եղել:
«Մեր հավաքականն առնվազն երեք մեդալ պետք է ունենար: Ավելին ասեմ՝ Ադիկյանը պետք է եզրափակիչ դուրս գար հենց ադրբեջանցու հետ, բայց վտանգը հասկացան, որ ադրբեջանցուն եզրափակչում խայտառակ կհաղթի: Մի խոսքով՝ ամեն ինչ արեցին, որ մենք՝ բոլորս, պարտվենք: Չի եղել մի գոտեմարտ, որ մրցավարի գործոնը չլինի, իսկ անվտանգությունն այնպես էին կազմակերպել, որ, ճիշտ է, մեզ ոչ մեկիս բան չեղավ, բայց այնքան ճնշող էր և նույնիսկ նվաստացնող, որ եթե նույնիսկ ուզեիր դահլիճում զուգարան գնալ, պետք է անվտանգության աշխատակիցը ստուգեր, հետո միայն դու մտնեիր, այդ կարգի ծայրահեղության էր հասած: Հյուրանոցից դուրս գալ չկար, բնականաբար, անիմաստ է խոսել քաղաքում քայլելու մասին:
Այդ ամենը տեսնելուց հետո պարզ է, որ արդեն եվրոպական օլիմպիական խաղերի դասը կար և հասկանալի էր նույն իրավիճակն էլ լինելու, նացիոնալիզմը ավելի մեծ թափ է ստացել: Պատճառներից մեկն այն է, որ ես և Արթուր Ալեքսանյանը, լինելով աշխարհի գործող չեմպիոններ, երկուսս էլ տարի ու կեսից ավել ոչ մի գոտեմարտ չենք պարտվել և գնանք Բաքու ու ինչ-որ դատավորի կամ այնտեղի երկրի նախագահի քմահաճույքի պատճառով մեկն այնպես անի, որ մենք անարդար ձևով պարտվենք, բնականաբար, երբեք չենք ուզի. սա պատճառներից մեկն էր»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե օլիմպիական կոմիտեի սահմանած 50 հազար դոլարի չափով մրցանակն Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի համար քիչ է եղել, դրա համար էլ չեն համաձայնվել, Ջուլֆալակայնը նշեց, որ դա լիարժեք աբսուրդ է, և որ իրենց արած աշխատանքը շատ ավելի բարձր է, քան գումարը.
«Ո՛չ ես, ո՛չ Արթուր Ալեքսանյանը, ո՛չ մեր հավաքականի որևէ մարզիկ գումարի համար չի մարզվում և պայքարում: Մեր արած գործը շատ ավելի բարձր է, քան գումարը: Մարդիկ երազանք ունեն, նպատակ ունեն: Ինքս երազում եմ Օլիմպիական չեմպիոն դառնալ, լրացնել ոսկե մեդալներիս ամբողջ հավաքածուն: Մնացել է միայն օլիմպիական ոսկին, և հանկարծ սկսում են այդպիսի ցածր բաներից խոսել, գումարը հերիք չարեց, ուղղակի ամոթալի է: Ով ինձ գիտի, հաստատ կփաստի, որ նման սուտ ասելն ուղղակի ծիծաղելի է, ամոթ, ովքեր նման բաներ են ասում ցածրացնում են մեր արած արդար գործը և նվաճումները»: