Չինաստանի Հուբեյի նահանգում Յանցզի գետում «Արևելքի աստղ» զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 14-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 3-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի պետական հեռուստաալիքին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատահարի հետևանքով զոհվել է վեց մարդ:
Նավի խորտակման վայրում շարունակվում է ընդգրկուն որոնողա-փրկարարական գործողությունը, սակայն, հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, առայժմ հաջողվել է փրկել միայն 14 մարդու, մարդկանց մեծ մասն անհայտ կորած է համարվում:
Դրան մասնակցում է շուրջ 4 հազար մարդ եւ 110 նավեր: Ներկայումս պատահարի վայրում աշխատում է 180 ջրասուզակ: Բացի այդ, օդից ողբերգության վայրի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար ուղարկվել են հինգ ուղղաթիռ և Իլ-76 փոխադրական ինքնաթիռ:
Գերծողությունն իր հսկողության տակ է առել ՉԺՀ-ի վարչապետ Լի Կեցյանը: Նա կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել մարդկանց փրկելու համար, ինչպես նաև անցկացնել նավաբեկության պատճառների «թափանցիկ» հետաքննություն, որն արդեն անվանել են Չինաստանում ամենաահավորը վերջին 70 տարվա ընթացքում:
Նավը խորտակվել է հունիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:28-ին (Երևանի ժամանակով ժամը 17:28-ին) Հուբեյի նահանգում: Այն Նանկինից ուղևորվում էր Չունցին: Նավի վրա եղել է 458 մարդ, ներառյալ 406 ուղևոր, անձնակազմի 47 անդամ և տուրիստական գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը և գլխավոր ինժեները հայտնել են, որ խորտակումից առաջ նավը ենթարկվել է ցիկլոնի հարվածին: Պատահածից հետո նավապետն ու ինժեները ձերբակալվել են ու հարցաքննվել:
Ինչպես հայտնել են փրկված ուղևորները, նավի խորտակումը տեղի է ունեցել 30-60 վայրկյանի ընթացքում: Մարդկանց մեծամասնությունը չի հասցրել օգտվել փրկարար միջոցներից: Չինաստանի իշխանությունները հրապարակել են խորտակված նավի ուղևորների ու անձնակազմի անդամների ամբողջական ցուցակը:
Ուղևորների մեծամասնությունը 60-ից մինչև 80 տարեկան թոշակառուներ են:
«Դունֆանչժիսինը» («Արևելքի աստղ») ոչ մեծ զբոսանավ է՝ 2,2 տոննա ջրատարողությամբ: Դրա երկարությունը 76,5 մետր է, բարձրությունը՝ 11 մետր: Նավը կարող է տեղավորել մինչև 534 մարդ: Այն պատկանում է Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: