Գերմանիայի առաջին դեմքերն ու կառավարության անդամները հունիսի 12-ին Բաքվում չեն մասնակցի Եվրոպական խաղերի բացման արարողությանը, գրում է Tagesspiegel-ը:
«Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնելու Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը, ով համակարգում է սպորտային հարցերը, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելուց: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հունիսի 12-ին լինելու է Բեռլինում»:
Թերթն ընդգծում է, որ Ադրբեջան մեկնելուց հրաժարվելու պատճառն այդ երկրում ավելի քան 100 քաղբանտարկյալի (իրավապաշտպաններ, լրագրողներ, ընդդիմադիր ակտիվիստներ) առկայությունն է:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը Եվրոպայի երկրների ղեկավարներին կոչ է արել հրաժարվել հունիսի 12-ին Բաքվում Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը մասնակցելուց:
Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես եվրոպական երկրներին կոչ է արել բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը՝ հայտարարելով, որ Ադրբեջանում Եվրոպական խաղերն անցկացվում են քաղաքական բռնությունների ֆոնին: