Թուրքիայում տեղի ունեցած 25-րդ գումարման խորհրդարանի ընտրություններում վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել ձևավորել միակուսակցական կառավարութուն և սա, իհարկե, մեծ հարված էր և՛ իր, և՛ իր կուսակցության համար:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ այս ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքեց մոտ 41 տոկոս ձայն: Քաղաքագետն ուշագրավ համարեց այն, որ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ ընտրություններին մասնակցած կուսակցություններից մեկը, որն իրեն ավելի շատ դրսևորում էր ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև հայտարարում էր, որ ինքը քրդամետ է, բավականին մեծ ձայներ ստացավ՝ 80 պատգամավոր խորհրդարանում:
«Կարևոր էր, որ 54 տարի անց առաջին անգամ երեք պատգամավորով են հայերը խորհրդարանում ներկայացված՝ Մարգար Եսայանը («Արդարություն և զարգացում կուսակցություն»), Սելին Դողանը («Ժողովրդա-Հանրապետական կուսակցություն») և Կարո Պալյանը (քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցություն»): Միակ պատգամավորը, ով կարող է քիչ թե շատ օգուտ բերել հայկական համայնքին Պալյանն է, իսկ մյուս երկուսն ընդամենը թուրքական կողմի համար խաղաքարտ էին և այդ կերպ ձայներ ստացան հայկական համայնքից: Այդ երկու կուսակցության գաղափարական հիմքում էլ ընկած է հայոց ժխտողականության քաղաքականությունը»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ հայազգի երեք պատգամավորների ընտրությունն ուղղակիորեն ողբերգությամբ է ընդունվել հարևան Ադրբեջանում, ինչն էլ կարելի է ողջունել: «Տարօրինակն այն է, որ այս հանգամանքն այնքան չի տխրեցրել ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող թուրքական շրջանակներին, ինչքան մենք տեսնում ենք Բաքվում»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Համբարյանը նշեց, որ թուրքական իշխանությունները բացարձակ մտադրություն չունեն ոչ մի կերպ փոխել իրենց վերաբերմունքը, դրա վառ օրինակն այն էր, որ ընտրություններում պարտությունից հետո Բրազիլիայից հետ կանչվեց դեսպանը. պատճառն այն էր, որ մայիսի վերջին բրազիլական սենատը ընդունել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ: