Հրշեջներին ընդամենը երեք պահեստարան Է մնացել մարելու Կիևի մարզի Վասիլկովյան շրջանի նավթաբազայում այրված 17 պահեստարաններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիևի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վալերի Բորիսը:
«Ներկայում մարվում են հրդեհի ոչ մեծ օջախներ: Այն տարողությունները, որոնք դեռևս այրվում են, մենք չենք կարող մարել. մեկում յուղ Է, իսկ այնտեղ, որտեղ վառելիքն Է, պարզապես շատ բարձր Է ջերմաստիճանը, մոտենալն անհնարին Է»,-ասել Է նա լրագրողներին:
Հրդեհի կապակցությամբ սկսել Է տեղի բնակիչների տարհանումը 2 կիլոմետր շառավղով, իսկ այրվող նավթաբազայից ոչ հեռու գտնվող ավանում «սև անձրև» Է տեղացել:
Տեղի ունեցածի վարկածները շատ տարբեր են՝ դիտավորյալ հրկիզումից մինչև տեխնիկական սխալները նավթամթերքների հետ աշխատելիս: Ինչպես հայտնել Է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն, ահաբեկչական գործողության՝ որպես հրդեհի պատճառի, վարկածը չի հաստատվում: Արտակարգ պատահարի փաստով քրեական գործ Է հարուցվել: Էկոլոգները կանխագուշակում են, որ նման խոշոր հրդեհը կբերի աղետալի հետևանքների՝ վնասակար նյութերով բնության աղտոտման և մարդկանց հիվանդանալուն:
Կրյաչկի գյուղում «ԲՌՍՄ-նեֆտ» նավթաբազայում հրդեհը բռնկել Է հունիսի 8-ի երկոյան: Հունիսի 9-ի առավոտյան փրկարարները հայտնել են պայթյունի մասին: Ճշտվել Է, որ այրման գոտում գտնվում Է նավթամթերքների ևս մեկ բազա՝ KLO-ն: Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել Է մեկ, վիրավորվել՝ 14 մարդ:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, որը գտնվում Է հրդեհի շրջանում, ավելի վաղ հայտնել Է, որ նավթաբազայի մոտ գտնվող անտառը հատել են, որպեսզի կրակը չանցնի մերձակայքում գտնվող զորամաս: Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հայտնել Է, որ մասնագետները նավթաբազայի շրջանի օդում վտանգավոր նյութեր չեն գրանցել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին հանձնարարել Է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը Կիևի մարզի նավթաբազայի հրդեհի վայրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: