ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ հանուն կրոնի կատարվող ոճրագործությունները կրոնի դեմ ուղղված հանցագործություններ են:
«Կրոնական առաջնորդները պարտավորություն ունեն հանդես գալու դատապարտմամբ, եթե իրենց կրոնի հետևորդը որևէ հանցագործություն է կատարում հանուն աստծու: Բոլոր այդ ոճրագործությունները, որոնք կատարվում են հանուն կրոնի, իրականում հանցագործություններ են կրոնի դեմ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով համաշխարհային ու ավանդական կրոնների ղեկավարների հինգերորդ համագումարում:
Համաշխարհային ու ավանդական կրոնների ղեկավարների հինգերորդ համագումարը հունիսի 10-ին սկսվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Երկօրյա համագումարի գլխավոր թեման կրոնական առաջնորդների և քաղաքական գործիչների երկխոսությունն է հանուն խաղաղության ու զարգացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: