51-րդ ալբոմը հանրության դատին հանձնած ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը 52-րդի վրա է աշխատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնի The Guardian պարբերականը «Շառլ Ազնավուր. Ես ցանկանում էի կոտրել ցանկացած տաբու» վերնագրով ընդգրկուն հոդված է նվիրել Ազնավուրին, անդադարձել է նրա գործունեությանը:
theguardian.com-ը գրում է, որ քննադատներն ասում էին, թե նա չափազանց տգեղ է, չափազանց կարճահասակ և ունի սարսափելի ձայն, բայց 51 ալբոմից հետո Ազնավուրը կենդանի լեգենդ է: 91-ամյա ֆրանսիացի լեգենդը խոսել է Էդիթ Պիաֆի, Քիմ Քարդաշյանի և պլաստիկ վիրահատությունների մասին:
The Guardian-ը նրան բնորոշում է որպես Ֆրանսիայի երբևե իմացած մեծագույն երգիչ-կատարողներից մեկը, փաստում է, որ նրա երգերի բառերը հաճախ ռիսկային են եղել: Բայց Ազնավուրը չի ափսոսում դրա համար:
«Հիանդության պես մի բան ունեմ՝ խոսել այն բաների մասին, որոնց վերաբերյալ պետք չէ խոսել: Ես խոսեցի միասեռականության մասին և ցանկանում էի կոտրել յուրաքանչյուր տաբու»,-խոստովանել է երգիչը:
Ազնավուրը շարունակում է ստեղծագործել: Նա գրել է մոտավորապես 1200 երգ, իր 70-ամյա գործունեության ընթացքում վաճառել 100 միլիոնից ավելի ձայնապնակ:
Ֆրանսիան երկրպագում է նրան որպես ոսկե դարաշրջանի վերջին կենդանի լեգենդ: The Guardian-ը պատմում է Ազնավուրի անցած ուղու մասին, գրում է, որ Շահնուր Ազնավուրյանը ծնվել է Փարիզում, և նրա հայրը դերասան է եղել, իսկ մայրը՝ երգչուհի: Նրանք փրկվել էին Հայոց ցեղասպանությունից: Պարբերականը նշում է, որ նրա հաջողության ճանապարհը երկար է եղել և տառապալից:
«Ես ինձ 91 տարեկան չեմ զգում: Ես միշտ մտածել եմ, որ մարդ երբեք չպետք է կորցնի իր երեխայական հայացքը»,-խոստովանել է Ազնավուրն ու հավելել, որ հանդիսատեսից ոչինչ չի թաքցնում:
Նա նաև խոսել է պլաստիկ վիրահատությունների մասին, նշել, որ փոխել է իր քիթը: Պարբերականը նշել է, որ նոր ալբոմում Էդիթ Պիաֆի մասին երգ կա, և սա առաջին անգամ է, որ Ազնավուրը գրել է նրա մասին: The Guardian-ը հավելել է նաև, որ Ազնավուրի մյուս՝ ամենակարևոր դերն այն է, որ նա աշխարհի ամենահայտնի հայերից է: Նա երկու երկրների քաղաքացություն ունի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և այս տարի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ճամփորդել է՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Խոսելով Քիմ Քարդաշյանի մասին՝ Ազնավուրը նշել է, որ չի հանդիպել նրան: Հարցին, թե դիտե՞լ է նրա շոուն, Ազնավուրը պատասխանել է. «Ես չեմ կարող որևէ բան ասել այդ մասին, որովհետև ես կզայրացնեմ հայերի կեսին»: Նա նյարդային ձևով ծիծաղել է՝ հավելելով. «Ես կարծում եմ, որ հայերը բավականին խստաբարո են և չեն սիրում չափից դուրս մերկությունը»:
Ազնավուրի ամենաչսիրած բանը «հրաժեշտի շրջագայություն» արտահայտությունն է: Նա երդվել է, որ կշարունակի մինչև իր մահը ելույթներ ունենալ:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: