Կառավարությունն էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքները մեղմելու նպատակով կբարձրացնի սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքի կամ 400 հազար մարդու սոցիալական նպաստը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ այդ նպատակով գործադիրը կհատկացնի շուրջ 2,5 միլիարդ դրամ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ որևէ կառավարություն, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում, սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ:

 

Վարչապետի խոսքով՝ կարծիք կա, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է ՀԷՑ-ի ճոխությունների կամ ժողովրդական լեզվով ասած՝ թալանով, սակայն դա այդպես չէ.

 

«Կա 3 պատճառ՝ սակավաջրություն, ատոմակայանի աշխատանքների ժամանակավոր դադարեցում, ազգային արժույթի արժեզրկում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: