«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տնօրենների խորհրդի' Մոսկվայում կայացած նիստում քննարկվել են միայն ընկերության կառավարմանն ու ներդրումներին վերաբերող հարցեր, ընտրվել են խորհրդի նախագահ ու տեղակալներ, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությանը և Հայաստանում բողոքի ցույցերին անդրադարձ չի կատարվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը' նշելով, որ տնօրենների խորհուրդը հաճախակի է անցկացնում նիստեր և քննարկում ծրագրային հարցերը: «Նիստն արտահերթ չէ, տնօրենների խորհուրդը պարբերաբար է նիստեր անցկացնում»,- վստահեցրեց Սարջանյանը:

 

Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն նիստի օրակարգում եղել է հինգ հարց. բացի տնօրենների խորհրդի նախագահի, նախագահի տե­ղա­կալի և քարտուղարի ընտրությունից, լսել են նաև 2015թ. 1-ին եռամսյակի բիզ­նես-պլանի կատարման և ներդրումային ծրագրի կատարման հաշվետվությունները: Իսկ այն հանգամանքը, որ նիստերն անցկացվում են Մոսկվայում, պահմանավորված է նրանով, որ տնօրենների խորհրդի հինգ անդամներն էլ բնակվում են ՌԴ-ում:

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Դմիտրի Վոլկովը, նախագահի տեղակալի պաշտոնում' Դմիտրի Պալունին, իսկ տնօրենների խորհրդի անդամներն են Անտոն Բադենկովը, Վլադիմիր Ալգանովը և Ալեքսանդր Պախոմովը:

 

«Արմենպրես»-ը ՀԷՑ-ի մամուլի խոսնակից փորձեց ճշտել նաև, թե այս օրերին, երբ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը գտնվել է Մոսկվայում, նրան տրամադրվե՞լ է տեղեկատվություն Հայաստանում տիրող իրավիճակի մասին: «ՀԷՑ-ի տնօրենը տեղյակ է այդ ամենից»,- ասաց Սարջանյանը: Իսկ այն հարցին, թե վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում անցկացվող բողոքի ցույցերն ու Բաղրամյան պողոտայի նստացույցն ազդեցություն ունեցե՞լ են ընկերության դիրքորոշման վրա, ՀԷՑ-ի մամոիլի խոսնակն ասաց, որ ընկերությունը վաղուց է հայտնել իր դիրքորոշումը և այն անփոփոխ է: