Ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնն անցյալ շաբաթ ուկրաինական կամավորական գումարտակների հետ հանդիպումից հետո մինսկյան պայմանավորվածություններն անվանել է հերյուրանք և Արևմուտքին կոչ է արել «ռուսական ագրեսիային» պատասխանելու համար «ավելի շատ» գործել՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի ընդհանուր թուլությունը Ռուսաստանին դրդում է ագրեսիայի: Այս մասին նա գրել է The Washington Post-ում հրապարակված իր հոդվածում:

 

 

Նա նշել է, որ անցյալ շաբաթ երկու ամերիկացի սենատորների հետ Արևելյան Ուկրաինայի տարածքում հանդիպել է ուկրաինական գումարտակների կամավորների հետ: Այդ այցի ընթացքում կարողացել է պարզել, որ հենց աշխարհազորայիններն են մշտապես խախտում զինադադարը:

 

 

«Նրանց (ուկրաինացի կամավորների) կոչն ինձ հասկանալի է: Ռուսաստանի հետ հրադադարի պայմանագիրը կեղծիք է, և ԱՄՆ-ի աջակցությունը ռուսական ագրեսիային դիմակայելու համար կենսական անհրաժեշտություն է»,- հայտնում է Մաքքեյնը:

 

 

Մաքքեյնը գրում է, որ Ուկրաինայի հակամարտությանը ռազմական լուծում չկա, սակայն կա ռազմական մեթոդ հասնելու քաղաքական լուծման:

 

 

Ջոն Մաքքեյնը արդեն բազմիցս Ռուսաստանի հասցեին արել է ագրեսիվ արտահայտություններ, ինչպես նաև ԱՄՆ նախագահին և եվրոպական քաղաքական գործիչներին մեղադրել է սխալ արձագանքի մեջ: