Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկից որևէ լումա չի ուղղվելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով առաջացող բեռի փոխհատուցմանը: Այս մասին ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին: «Ես արդեն ասացի, որ 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկն օգտագործվելու է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար: Այսինքն այս գումարով կարելի է ձեռք բերել միայն ռազմական նշանակության արտադրանք»,- նշեց Նազարյանը:

 

Փոխնախարարը վստահեցրեց, որ ոչ միայն այս վարկային համաձայնագրով նախատեսված գումարներից, այլ ընդհանրապես պաշտպանության նախարարության բյուջեից որևէ լումա չի կարող ուղղվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման փոխհատուցմանը: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ հենց այդպես է լինելու, որովհետև ընդհանուր մարտահրավերները մեզ նման բան չեն կարող թույլ տալ»,- ասաց փոխնախարարը:

 

ԱԺ-ն քննարկում է ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է, որ ՌԴ-ն Հայաստանին 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար:

 

Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հիշյալ վարկային միջոցների մի մասով ՀՀ կառավարությունը նախատեսում է փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով առաջացող բեռը: