ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից մի շարք նամակներ, որոնք ուղարկվել են նրա՝ պետքարտուղար եղած տարիներին: Դրանք վերաբերում են առօրյա մի շարք իրադարձությունների, այդ թվում` Աֆղանստանում պատերազմին, Հայաստանի և Թուրքիայի միջև վեճին, կանանց խնդիրներին. փոխանցում է «The New York Times»-ը:

 

«Los Angeles Times»-ը հրապարակել է Հայաստանին և Թուրքիային վերաբերող նամակները: Բոլորն էլ թվագրված են 2009 թվականի օգոստոսի 30-ով: Նամակներից մեկում Հիլարի Քլինթոնը պետքարտուղարության աշխատակցուհուն հարցնում է, թե ինչ է Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Դավութօղլուի անունը, իսկ նա պատասխանում է՝ Ահմեդ: Մեկ այլ նամակում պետքարտուղարը ցանկանում է ավելի հստակ իմանալ, թե բանակցությունների օրակարգում ինչ հարցեր կան:

 

Բացի այդ, պետքարտուղարի այն ժամանակվա օգնական Ֆիլիպ Գորդոնը նույն աշխատակցուհուն տեքստի պատճեն է ուղարկում՝ նշելով, որ թուրքերը համաձայն են այն հրապարակել, եթե հայերը համաձայնեն: «Եվ նրանք կհամաձայնեն միայն այն դեպքում, եթե Թուրքիան նախապես համաձայնություն հայտնի փաստաթղթերը ստորագրել հոկտեմբերի 14-ին»,- հավելել է նա: Գորդոնը նաև հաղորդել է. «Շվեյցարիայի ԱԳ նախարարին խնդրել եմ առաջինն ընդառաջել Դավուին, և եթե դա հաջողության չբերի, մեզ, հավանաբար, պետք կգա Հիլարի Քլինթոնը»:

 

Հաջորդ նամակում պետքարտուղարի օգնականը գրում է. «Մենք տեղեկացրեցինք, որ նա պատրաստվում է զանգահարել (կարծում եմ` Դավուն Սլովենիայում է, բայց պետք է հասանելի լինի): Կարծում եմ՝ մեկ կամ երկու բառերի փոփոխությունից հետո ստացանք նրա համաձայնությունը տեքստի վերաբերյալ, և Դավուն կիմանա, որ առանցքային հարցը ստորագրության և խորհրդարաններին ներկայացնելու ամսաթվի հարցերւ համաձայնեցումն է: Մենք թուրքերին ասացինք, որ դա «պետք է լինի» հոկտեմբերի սկզբին: Եթե ընդհանրապես նրանք համաձայնեն որևէ ամսաթվի, ապա դա, հավանաբար, կլինի հոկտեմբերի 12-ը: Ավելի դժվար կլինի համոզել մյուս կողմին, բայց նվազագույնը, որ մեզ անհրաժեշտ է, այդ ամսաթիվն է»: