Ստամբուլի հայկական որբանոցի վերադարձը, Թուրքիայի Մեջլիսի նոր նախագահի ընտրությունը, ինչպես նաև կառավարական կոալիցիա կազմելու վերաբերյալ խոսակցությունները մի քանիսն էին այս շաբաթ երկրում տեղի ունեցած ուշագրավ իրադարձություններից: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

 

 

Թուրքիայում շարունակվում է պայքարը Ստամբուլի Թուզլա թաղամասի հայկական որբանոցը հետ վերադարձնելու ուղղությամբ: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունն այս շաբաթ հայտարարեց, որ Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի տարածքի՝ հայկական հիմնադրամին վերադարձնելու հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան:

 

 

Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամվոր Գարո Պայլանի միջնորդությամբ երկրում կարծես թե կարգավորվեց ոչ մահմեդականներին պատկանող դպրոցներում երեխաների ընդունման համար «գաղտնի ծածկագրի» սկզբունքի կիրառման խնդիրը: Այսուհետ ոչ մահմեդական երեխաները կկարողանան ազգային փոքրամասնությունների դպրոցներ ընդունվել միայն տվյալ կրթական հաստատության տնօրենի որոշմամբ:

 

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այս շաբաթ կայացան Մեջլիսի խոսնակի ընտրությունները: Ընտրությունների առաջին, երկրորդ, ինչպես նաև երրորդ փուլերում, սակայն, մեջլիսի խոսնակին ընտրել չհաջողվեց: Միայն չորրորդ փուլում, որտեղ մրցում էին իշխող «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների առաջադրած թեկնածուները «Ազգայնական շարժում» կուսակցության «չեզոքության» հետևանքով հաղթանակ տարավ Դավութօղլուի կուսակցության թեկնածուն՝ նախկին պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

 

 

Մեջլիսի խոսնակի ընտրությունից հետո քեմալականներն ու քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները մեղադրեցին ազգայնականներին՝ ընտրության վերջին փուլում չեզոքություն պահպանելու և այդպիսով իշխող կուսակցության հաղթանակն ապահովելու համար: Կուսակցությունների ղեկավարները կատարվածը որակեցին որպես ԱԶԿ-ԱՇԿ կառավարական կոալիցիայի կազմման ազդանշան:

 

 

Մինչ երկրում շարունակվում են քննարկումները կոալիցիա կազմելու վերաբերյալ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշանակեց նոր պաշտպանության նախարարի: Պաշտոնը զբաղեցրեց դեռևս 2011 թվականին երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնած Վեջդի Գյոնուլը:

 

 

Անցնող շաբաթվա ընթացքում երկրում կրկին արդիական դարձան խոսակցությունները Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին նոր ռազմական տեխնիկա և զրահամեքենաներ կուտակեցին: Իրավիճակի վերաբերյալ չհապաղեց վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը, ով նշեց, որ Թուրքիան պարզապես ամրապնդում է թուրք-սիրիական սահմանը, սակայն մտադրություն չունի մոտ ապագայում այդ երկրում ռազմական գործողություններ սկսել:

 

 

Թուրքիայի տարածքում կարծես թե ռազմական նոր ճակատ է բացվում՝ այս անգամ երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հունիսի 30-ին ռմբակոծեցին Դաղլըջայի Ավաշին շրջանը, որտեղ կային քուրդ զինյալներ: Կատարվածի առնչությամբ հայտարարություն տարածեց PKK-ի ռազմական թևերից մեկը՝ «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ը (HPG)՝ նշելով, որ կատարվածն ազդանշան էր այն բանի վերաբերյալ, որ թուրք-քրդական զինադադարն ավարտված է:

 

 

Այս շաբաթ թուրքական ոստիկանությունը հերթական անգամ բիրտ ուժ կիրառեց սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ: Թուրք իրավապահ մարմինները ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազի միջոցով միայն կարողացան ցրել Ստամբուլում անցկացված «ԼԳԲՏ պատվո երթը»:

 

 

Ամփոփեց Արաքս Կասյանը