Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը, ով հայտնի է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական արտահայտություններով, հեռանում է քաղաքականությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով TRT Haber-ը, այսօր Արընչը որպես փոխվարչապետ վերջին հանդիպումն է անցկացնելու Էրդողանի հետ:
Ավելի վաղ Արընչը հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից:
67-ամյա Արընչը Թուրքիայի քաղաքական վերնախավի կարևոր դեմքերից մեկն է: Նա ակտիվ քաղաքական գործունեություն է սկսել ծավալել 1983 թվականից: Արընչը նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիրներից մեկն է, որը մինչև նախագահ ընտրվելը 12 տարի գլխավորել է Էրդողանը:
Արինչը ԱԶԿ-ի առաջին անդամներից մեկն է, ով խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի քաղաքականությունը: Այդ թվում նա հայտարարել էր, որ երկրի նախագահն ամբողջությամբ տեղեկացված չէ քրդական խնդրի դեմոկրատական լուծման մանրամասներին: Արընչի այդ հայտարարությունը բերել է նրան, որ ԱԶԿ-ի որոշ անդամներ այս տարվա մարտին պահանջել են նրա հրաժարականը: