Բաքվի մրցաշարին մասնակցելու արդյունքում ունենք միջազգային հանրության հարյուր տոկոսանոց աջակցություն, հարգանք, բոլոր երկրներից համագործակցության առաջարկության աննախադեպ քանակ և, ամենակարևորը, ձևավորել ենք հայ մարզիկի, հայ քաղաքացու, հաղթող երկրի ուժեղ մարդու կերպար: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

 

«Նախ և առաջ առավոտյան լավ լուր ստացանք՝ Ունիվերսիադայում ունենք չեմպիոն: Շնորհավորում եմ բոլորիս:

 

Ինչ վերաբերում է Բաքվի մրցաշարին, ասեմ՝ մենք երբ մրցաշարին մասնակցելու  որոշում էինք կայացնում, այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց Օլիմպիական կոմիտեն և իր համարձակությամբ, խոհեմությամբ ապացուցեց, որ միջազգային կառույցների հետ ճիշտ աշխատելու դեպքում՝ մեր երկրի հեղինակությունը կարելի է անհամեմատ բարձրացնել:

 

Եթե մենք առաջնորդվեինք տարբեր մարդկանց ասեկոսեներով, ապա այսօր մեր ՀԱՕԿ-ը հետ կտանեինք առնվազն տասը տարով: Այսօր մենք ունենք մեծ հեղինակություն, համախոհների մեծ բանակ, ինչն ապացուցեց Բաքվի խաղերը: Գիտեք՝ ոչ մեկի համար հաճելի չէր Բաքու գնալ, սակայն խաղերն ապացուցեցին, որ հնարավոր է, պայմանավորվածությունները, որոնք ունեինք միջաղգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեների հետ, ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է բոլոր պայմանավորվածությունները պահպանել: Բոլոր այն երաշխիքները, որոնք տրվել էին մեր պատվիրակությանը' թե՛ անվտանգության մասով, թե՛ մաքսիմալ ազատ զգալու համար, մենք այդ ամենը տեսանք Բաքվում:

 

Մարտի տասին հանրահայտ դարձած ՀԱՕԿ-ի նիստն ապացուցեց, որ մենք կարող ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել և այն պատվով տանել: Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա պետք է ասեմ, որ բացման արարողությանը դուրս եկած մեր պատվիրակությանը հաճելի չէր հազարավոր ադրբեջանցիների մեջ մտնել, սակայն դա մեր երկրի համար էր պետք, մեր երկրի հեղինակության համար էր պետք, և պատվով արեցինք դա: Անգամ սուր քննադատություն անողները գնահատեցին այդ քայլը: Մեր պատվիրակությանն ամեն օր այցելում էին տարբեր օլիմպիական կոմիտեների նախագահներ, շնորհակալություն էին հայտնում և նշում, որ այս քայլն արդեն իսկ հաղթանակ է և այս քայլը բնորոշ է հաղթանակած ուժեղ երկրի ուժեղ մարդկանց: Նշեմ՝ մենք նաև համաշխարհային լրատվության կենտրոնում էինք, բոլորն անդրադարձել էին մեր պատվիրակությանը և նշել, որ հայ մարզիկը, հայ պատվիրակությունը, գալով Բաքու, ցույց տվեց իր ուժը: Ամենամեծ հաղթողը մեր պատվիրակությունն էր: Շնորհակալություն ՀԱՕԿ նախագահին, որ այդքան տղամարդկություն ունեցավ, իր վրա վերցրեց ամբողջ պատասխանատվությունը, և գլուխներս բարձր գնացինք և գլուխներս բարձր եկանք:

 

Այս քայլը մի քանի անգամ բարձրացրեց մեր հեղինակությունը եվրոպական և միջազգային օլիմպիական ընտանիքում: Բազմաթիվ առաջարկներ, նոր ծրագրեր, անգամ ԵՕԿ-ի նախագահն առաջարկեց, որ մեր օլիմպիականի ներկայացուցիչները ներգրավվեն ԵՕԿ-ի տարբեր հանձնաժողովներում: Մեր չգնալն ավելի մինուս էր բերում. միջազգային ասպարեզից մեկուսանալ, տարբեր խնդիրների առաջ կանգնել, չակերտավոր ասեմ՝ այդ վախի, վախկոտի, թույլի պիտակը մեզ վրա կկպներ:

 

Այսօր մենք ունենք հպարտ թիմ: Եթե Բաքվում սպորտային միջոցառում լինի, իհարկե, նորից կայցելենք:

Միակ վիճահարույց հարցը, որ ունեցել ենք Բաքվում, բռնցքամարտիկների ելույթներն էին: Երեք բռնցքամարտիկի մասին խոսք չի կարող լինել. բոլորը միակարծիք ընդունեցին, որ պարտվել են: Ընդհանուր մրցավարությունը բոլորի զայրույթն էր առաջացնում, և ոչ թե միայն հայերի: Կանոնակարգված մրցավարություն միջազգային ֆեդերացիայում այդպես էլ չհասկացանք կա՞, թե՞ ոչ: Նոր սիստեմ են մշակել՝ հինգ մրցավար նստում են և միավոր չեն տալիս, ռաունդը վերջանում է, մեկը սեղմում է կարմիր անկյունը, մյուսը՝ կապույտը: Օրինակ, երբ երեքը տալիս են կարմիր անկյուն, երկուսը՝ կապույտ, դրանից հետո համակարգիչն ընտրում է հինգ մրցավարից երեքի գնահատականը, և շատ հնարավոր է՝ այն ընտրի երկու կապույտը, և ընդամենը մեկ կարմիրը, ինչը եղավ մեր դեպքում, ինչպես նաև ուկրաինացիների: Սակայն նշենք, որ միտումնավոր որևէ բան չենք նկատել մեր պատվիրակության հանդեպ, որևէ մարզաձևում միտում չկար: Խայտառակ մրցավարություն, ակնհայտ կողմնակալություն, նման պիտակավորումներ չեմ կարող տալ, որովհետև չի եղել: Օրինակ տարբեր երկրներում ավելի վատ բաներ ենք տեսել, քան Բաքվում:

 

Յուրաքանչյուր մրցաշարի մեկնելուց մենք ունենք կանխատեսումներ: Ընդհանուր առմամբ, մենք ակնկալում էինք երեք մեդալ, ունեցանք մեկ մեդալ, սակայն, հաշվի առնելով, որ Բաքու էինք մեկնում, հոգեբանական ինչ պայմաններ էին, մարզիկների գերպատասխանատվության զգացումը, բնականաբար թե՛ ՀԱՕԿ-ը, թե՛ առանձին ֆեդերացիաները, բազմիցս նշել են, որ այն մարզիկները, ովքեր արդեն մեկնում են Բաքու, արդեն հաղթող են:

 

Մեր գլխավոր նպատակն անվտանգ գնալն էր, բացման արարողությանը մեր դրոշը տանելը: Իհարկե, ուզում էինք օրհներգը հնչեցնել, ցավոք, չստացվեց, դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, չեմ ուզում բացել չակերտները: Անվտանգությունն ամբողջովին ապահոված էին բարձր մակարդակով: 

 

Ունենք միջազգային հանրության հարյուր տոկոսանոց աջակցություն, հարգանք, բոլոր երկրներից համագործակցության առաջարկության աննախադեպ քանակ և, ամենակարևորը, ձևավորել ենք հայ մարզիկի, հայ քաղաքացու, հաղթող երկրի ուժեղ մարդու կերպար: Պարգևատրում կլինի, պարզապես հիմա ըմբիշներն ուսումնամարզական հավաքի են, վերադարձից հետո կլինի»: