Հայաստանը քայլեր է ձեռնարկում երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու համար: Հուլիսի 7-ին Հայաստանում մեկնարկել է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ արդարադատության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի կողմից:
Ծրագրի նպատակն է օրենքի հետ առնչվող երեխաների շահերի պաշտպանության օրենսդրական, գործնական երաշխիքների ստեղծումը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորեց ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով, որ այն ուղղված է արդարադատության հետ առնչվող երեխաների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: «Ցավոք, որևէ հասարակություն ի վիճակի չէ զերծ պահել երեխաներին տարբեր իրավիճակներից, երբ նրանք առնչություն են ունենում քաղաքացիական, վարչական քրեական արդարադատության մարմինների հետ: Այս պարագայում շատ կարևոր է, որ առավելագույնս պաշտպանված լինեն նրանց իրավունքները, զերծ պահել երեխաներին հետագա խնդիրների հետ առնչվելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նախարարը շեշտեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ իրականացվող երեխաների արդարադատության մատչելիության ապահովմանն ուղղված ծրագիրն օրենսդրության շրջանակներում կապահովի երեխաներին վերաբերող դրույթների համապատասխանեցումը ՄԱԿ-ի չափորոշիչներին: Նրա խոսքով՝ խորագրի իրականացման արդյունքում արդարադատության հետ առնչվող երեխաների աշխատանքը կդառնա հնարավորինս արդյունավետ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսն էլ իր խոսքում ընդգծեց, որ արդարադատության համակարգի հետ առնչվող երեխաներն էլ ունեն իրենց իրավունքները, որոնք պետք է առավելագույնս պաշտպանված լինեն, քանի որ հակառակ դեպքում այդ երեխաները կարող են բարոյական և հոգեբանական լուրջ վնասներ կրել: «Այս ծրագիրը կարևոր է նաև արդարադատության մատչելիության առումով խոցելի երեխաներին հայտնաբերելու և նրանց խնդիրներնին լուծում տալու առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման առումով: Նա նկատեց, որ այս պահին Հայաստանում շատ քիչ է ազատազրկված երեխաների թիվը, ինչն էլ խոսում է դրական առաջընթացի մասին:
Մանյա Հենրիետ Արենսն ընդգծեց նաև, որ ծրագրով մեծ ուշադրություն է դարձվելու նաև հանցագործությունների զոհ դարձած երեխաներին, քանի որ սա ևս շատ կարևոր խնդիր է: Նա վստահեցրեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ընթացքում, որպեսզի արդարադատության հետ առնչվող երեխաների հետ աշխատանքը լինի առավել քան արդյունավետ:
Ծրագիրը ներառում է օրենսդրության միջազգային փորձաքննությունը երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից, անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների պլանի մշակումը, օրենքի հետ կապված խնդիրներ ունեցող, վկա և տուժող երեխաների հետ առնչվող անձնակազմի կարողությունների զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է անչափահասների արդարադատության հարցերով խորհուրդ, որի աշխատանքներն ուղղված են լինելու շահագրգիռ մարմինների ներգրավմամբ Հայաստանում անչափահասների արդարադատության ոլորտում մեկնարկած ծրագրի, ինչպես նաև հետագա նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների համատեղ, միասնական դիտարկմանը, զարգացման ապահովմանն ու 2016-2020թթ ընթացքում ոլորտի ամբողջական կայացմանը: