Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակները դիմել են խորհրդարանին' այն արագացված կարգով ուսումնասիրելու և հուլիսի 16-ի լիագումար նիստին քննարկելու համար: «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանությունում այս մասին հայտնեց «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր, նախագծի հեղանակ Փիթեր դե Ռուվերը: «Ես շատ գոհ եմ, որ վարչապետ Միշելի հայտարարությունից հետո, որով նա ճանաչել էր 1915 թվականի կոտորածները որպես ցեղասպանություն, մենք' խորհրդարանը, կարողացանք շարունակել նույն ոգով և ներկայացնել մեծամասնական բանաձև: Այս բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մեր նպատակն է հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին' համընդհանուր պայծառ ապագայի հույսով: Ես հպարտ եմ, որ այս գործընթացի մասնակիցն եմ եղել և ավելի հպարտ, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձևին կողմ են քննարկել ոչ միայն մեծամասնություն կազմող կոալիցիոն կուսակցությունը, այլև ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը: Մենք խնդրել ենք, որ բանաձևն ուսումնասիրվի արագացված կարգով և մեր հաշվարկներով լիագումար նիստում քննարկման դրվի հաջորդ հինգշաբթի»,- նշել է բելգիացի պատգամավորը:

 

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության' Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին: 4 բանաձևերի առաջարկներ են ներկայացված եղել, որոնցից ընտրվեց կառավարության և կոալիցիոն կուսակցության ներկայացրած նախագիծը:

 

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով: