ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը փաստում է՝ չի կորցրել ֆիլմեր նկարահանելու ցանկությունը: Անվանի ռեժիսորն այժմ մի քանի նախագծի վրա է աշխատում, աշնանն էլ նոր ֆիլմ կներկայացնի հանրությանը: Այս մասին նա տեղեկացրեց հուլիսի 17-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:
Հարություն Խաչատրյանը՝ կորցրածի և ձեռք բերածի մասին
Մտածում էի, ինչ եմ ձեռք բերել, ինչ եմ կորցրել: Փառք Աստծո, որ ընտանիքիս և ընկերներիս չեմ կորցրել: Արվեստը մի բան է, որ պետք է դավաճանես, որ առաջ գնաս: Իմ ընկերները միայնակ մնացին, թողեցին իրենց ընտանիքները: Ես երջանիկ եմ: Ավելի լավ է, ֆիլմ չնկարահանես, քան կորցնես ընկերներիդ:
... Մրցանակներ շատ ունեմ, երեկ էլ ստացա Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը: Ես շատ հուզված եմ դրա համար: Ամենակարևորը, որ չեմ կորցրել, ֆիլմեր նկարահանելու իմ ախորժակն ու ցանկությունը: Կարծում եմ, որ չեմ կորցրել իմ ցանկությունը օգնել երիտասարդներին:
Հայաստանում ֆիլմերը ցուցադրելու մասին
Ես հիմա վերջացնում եմ նոր ֆիլմը, որը կցուցադրեմ աշնանը: Ես միշտ վախեցել եմ իմ ֆիլմերը ցուցադրել, որովհետև շատ դժվար է եղել իմ ֆիլմերի ընկալումը Հայաստանում: Տասնյակ հոդվածներ են գրվել այդ ֆիլմերի մասին, հետահայաց ցուցադրություններ են եղել տարբեր փառատոններում: Հայաստանում ցանկացա հետահայաց ցուցադրություն անել, հարցրին ինչու է այս մարդն ուզում նման բան անել: Չեմ բողոքում, բայց անպայման չէ, որ լավ ֆիլմեր նկարահանես, պետք է համբերություն ունենաս, որ քեզ ընդունեն: Ունեմ 4-5 նոր ֆիլմերի սցենարներ, մեկն էլ Վահան Տերյանի մասին է: Հույս ունեմ, որ 10-15 տարի կաշխատեմ և «Ոսկե ծիրանը» չեմ թողնի:
Նոր կինոնկարի մասին
Իմ առաջին ֆիլմից մինչև այսօր աշխատում եմ Միքայել Ստամբոլցյանի հետ: Միակ մարդն է, որ միշտ չի հավանում իմ ֆիլմերը: Դրա համար խնդրում եմ, որ իմ կողքին լինի: Իմ նոր ֆիլմը հայ գաղթականների մասին է, որոնք մեկնում են Հայաստանից: Այս պատմությունն ԱՄՆ-ի մասին է, որտեղ մեկնել էր բարեկամներիցս մեկը: 4-5 անգամ մեկնեցի Լոս Անջելես և նկարահանեցի հայկական համայնքը: Նկարել եմ բանտում, նարկոդիսպանսերներում, դպրոցներում, ծերանոցներում՝ լավը և վատը, այն, ինչ կա: Շատ դժվար է արմատներից պոկվել և հեռանալ, բայց շատ ավելի դժվար է վերադառնալը:
«Ոսկե ծիրան»-ը՝ բազմասերիանոց ֆիլմ
Մենք հիմա էլ շրջափակման մեջ ենք, բայց անում ենք շատ հարուստ փառատոն՝ հարուստ մեր հյուրերով: Ֆիլմ չնկարահանելու տասը տարիներն ինձ համար կորցրած տարիներ են, որովհետև ես 10 ֆիլմ չնկարահանեցի: Մեծ դժբախտություն էր ինձ համար:
…Շատերն ասում են, թե իրենց պետք չէ մրցանակ, բայց դա ոգևորում է մարդուն, ստիպում աշխատել: Շատ երջանիկ եմ, որ կարողացանք «Ոսկե ծիրան» փառատոնը կազմակերպել, դա մեզ համար բազմասերիանոց ֆիլմ է:
Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին
Հայաստանում ճշմարիտ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է: Ամբողջ աշխարհում է դժվար: Մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր չեն հասկանում լուրջ մշակույթը: Հայաստանում երկար ժամանակ զարմանում են, թե ինչու են սիրում էժանագին կոմեդիաներ, ռաբիզ երաժշտություն: Մարդիկ սկսել են սիրել և հասկանալ պրիմիտիվ արվեստը, պարզ նախադասությունները: Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ֆիլմերով: Դիմել ենք քաղաքապետարան, որ մեզ հատկացնեն կենտրոն, որտեղ սկսենք մշակութային կրթություն տալ 7-8 տարեկան երեխաներին: Մենք շատ ենք վախենում, որ նրանք կհամաձայնեն, բայց մեն ք մեր ամբողջ կյանքը կնվիրենք դրան: Կինոն շատ ուժեղ զենք է փոքր ազգերի համար, եկեք չկորցնենք դա:
«Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի մասին
Ես շատ չեմ սիրում հյուրերի հրավիրել, որոնք ռեժիսոր չեն: Շատ եմ սիրում դերասանուհիներին և դերասաններին, բայց ինձ համար կարևոր է այն, որ ռեժիսորները ինչ-որ կարևոր բան սովորեցնեն երիտասարդներին: Մեր փառատոնին մարդիկ են եկել, որ կինոյի աշխարհում աստղեր են, շատ չենք տխրում, երբ մերժում են մեր հրավերը: Շատ փառատոններ հրավիրում են հայտնի մարդկանց' տալով նրանց 50 հազար եվրո: Մենք հրավիրում ենք մարդկանց առանց փողի, որպեսզի նրանք ստանան իրենց վաստակի համար մրցանակ: Մենք իրավունք չունենք տալ 50 հազար եվրո որևէ մեկին:
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում: 1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև' «ՀայՖիլմ» կինոստուդիայում' որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»' ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի' որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ: