Նույնիսկ ամենակատարյալ սահմանադրության պայմաններում մենք ունենալու ենք այն խնդիրները, ինչ այսօր ունենք: Նախագահական, թե՝ պառլամենտական, ամենևին նշանակություն չի ունենա: Խնդիրն այն է, որ մի քաղաքական կուսակցություն ունի փաստացի իշխանություն, որը երկու փաթեթավորմամբ էլ ունենալու է անվիճելի իշխանություն: ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս մասին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Այսօրվա մեր սահմանադրությունը ընտրական երկու ինստիտուտ է նախատեսում, իսկ նոր նախագծով մնում է միայն մեկ ընտրական ինստիտուտ: Առաջարկվող սահմանադրությունը խորացնում է քաղաքական այն ճգնաժամը, որը գոյություն ունի: Փորձ է արվում ամրագրել փաստացի միակուսակցական համակարգի իրավական տեսքը»,- նկատում է իրավապաշտպանը և հավելում. «Սա ոչ միայն առկա ճգնաժամն է խորացնում, այլ՝ անելանելի իրավիճակ է ստեղծում: Մտահոգությունն այն է, որ իրավական ճանապարհով փակվում են ճգնաժամից դուրս գալու ելքերը: Մենք զրկվում ենք համազգային մակարդակով երկրորդ ինստիտուտի ընտրության միջոցով ինչ որ փոփոխության հասնելու հնարավորությունից»:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ինքն իրեն թույլ կտար համաձայնվել փոփոխություններին, եթե իրական երաշխիքներ տեսներ դատական իշխանության անկախության հարցում, բայց նույնիսկ դա չի տեսնում:
Վտանգ է նկատում, որ որոշակի իրավիճակներում կթույլատրվի կյանքից զրկելը, սա, ըստ նրա, աննախադեպ է, ինչն էլ կապում է Մարտի 1-ի սպանությունների սրբագրման հետ: «Այդ դրույթի պարագայում Մարտի 1-ի տասը զոհերը կարող են համարվել բացարձակ անհրաժեշտություն»,- ասաց Սաքունցը:
Նախագծի մեկ այլ դրույթ ևս մեջբերեց և իր կարծիքը հայտնեց. «ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու իրավունք ունեն: Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով հանրային շահերի պաշտպանության նպատակով»: Արթուր Սաքունցը կարծում է, որ այս դրույթը կամ թյուրիմածություն է, կամ՝ տարօրինակ : «Անձնական կյանքի միջամտության այս աստիճանն ուղղակի աննախադեպ է, այդ ի՞նչ հանրային շահ պետք լինի»: