Երևանում նորաբաց DoubleTree by Hilton հյուրանոցը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավմանը: DoubleTree by Hilton միջազգային հյուրանոցի բացման պաշտոնական արարողության ընթացքում իր ելույթում նման համոզմունք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Այսօրվա զբոսաշրջիկն ակնհայտորեն ավելի պահանջկոտ է, ավելի բարձրաճաշակ՝ որակյալ ծառայություններ ստանալու մեծ ակնկալիքով: Հետևաբար նրանց պահանջները բավարարելու համար պատշաճ ենթակառուցվածքներ ունենալու առաջարկի ընդունումը դառնում է պարտադիր պայման: Հենց այս հրամայականով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության Նախագահի և կառավարության քաղաքականությունը ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, հյուրանոցային տնտեսությունների զարգացումն ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ճշմարիտյանը:

 

Հայաստանի կառավարության վարած քաղաքականության արդյունքում միայն վերջին երեք տարիների ընթացքում բացվել է 2 տասնյակ հյուրանոց՝ ապահովելով 1300 հյուրանոցային համարներ: «Այսօր Երևանում մենք բացում ենք հերթական բարձր մակարդակի հյուրանոցը՝ արձանագրելով, որ հանրապետության հյուրանոցաշինության և հյուրանոցային ծառայությունների ոլորտում հերթական մեծ ներդրումն է կատարվել: Բարձրակարգ այս հյուրանոցի առկայությունն արդեն վկայում է մեծածավալ ներդրումների մասին, ենթադրում է նոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև Հայաստան այցելող զբոսաշրջ իկների թվի աճ»,- ասաց նախարարը:

 

Զբոսաշրջիկների թվի տարեկան աճ ունեցող երկրում որակյալ ծառայություններ մատուցող ցանկացած հյուրանոց հնարավորություն ունի շահավետ գործել, արդարացնել ներդրումները՝ մտածելով նոր համաձայնությունների ձեռք բերման մասին: