«Բի-Բի-Սի»-ի «Հիշելով հայկական ջարդերը» (Remembering the Armenian Massacres) վավերագրական ֆիլմը ներկայացվեց հայ հասարակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 22-ին ֆիլմի երևանյան ցուցադրությանը ներկա էր ֆիլմի համահեղինակ Լարա Պետրոսյանը:

 

 

«Ֆիլմը նկարահանեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անմիջապես ընդառաջ, իսկ «Բի-Բի-Սի»-ն, որպես մեծ մեդիա հիմնակություն, կարևորում է նման խնդիրների արծարծումը: Ֆիլմի նկարահանման համար առաջին անգամ այցելեցի իմ նախնիների ծննդավայր՝ Վան: Այդ ճանապարհորդությունը շատ ազդեցիկ էր ինձ համար, քանի որ գիտակցում էի, որ քայլում էի նույն վայրերով, որտեղ հարյուր տարի առաջ անցնում էին իմ նախնիները»,- նշեց նա:

 

 

Ֆիլմում ներկայացված է Լարա Պետրոսյանի անձնական պատմությունը, որը ֆիլմում ավելի մեծ կապ է ստեղծում լսարանի հետ և ավելի ազդեցիկ դարձնում այն: Ինչպես նաև նրան է միանում «Բի-Բի-Սի Թուրքիա»-ի լրագրող Ռենջին Արսլանը, ով փորձում է բացահայտել, թե ինչ հետք են թողել հայերը Թուրքիայում:

 

 

«Հիշելով հայկական ջարդերը» ֆիլմում կարելի է լսել իսլամացած հայերի հիշողություններն՝ իրենց նախնիների փրկության և վախի մթնոլորտում ապրելու վերաբերյալ, ազգությամբ թուրք հասարակական գործիչների վկայություններն իրենց երկրի համար ցավոտ թեմայի մասին, դրա շուրջ լռություն պահպանելու պատճառները, ինչպես նաև տեսնել Արևմտյան Հայաստանում հիմնականում քրդերի կողմից ախոռների վերածված վաղ միջնադարյան հայկական եկեղեցիները:

 

 

Լարա Պետրոսյանը հավելեց, որ ֆիլմի նկարահանման ընթացքում, շնորհիվ «Բի-Բի-Սի»-ի նախօրոք ստացած թույլատվությունների և պայմանավորվածությունների, նկարահանող խմբերը թուրքական կողմից ոչ մի խոչընդոտի չէին հանդիպել:

 

 

«Հիշելով հայկական ջարդերը» ֆիլմը հեռարձակվել է «Բի-Բի-Սի»-ի բրիտանական հեռուստաեթերով այս տարվա ապրիլի 24-ին, իսկ դրան հաջորդող շաբաթ՝ հեռուստաընկերության պարսկալեզու եթերով, ինչպես նաև թուրքական «Բի-Բի-Սի»-ի Youtube-ի ալիքում: