«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի երեխայի մահը, որն արձանագրվել է հուլիսի 30-ին, պայմանավորված է եղել մոր ծանր առողջական վիճակով, իսկ ավելի վաղ կեսարյան հատումը կարող էր փրկել երեխայի կյանքը: Այս մասին հուլիսի 30-ին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրենի օգնական Անդրանիկ Պողոսյանը: «Երեխայի փրկությունը հնարավոր կարող էր լինել, եթե մորը մի 2-3 ժամ ավելի շուտ բերեին մեզ մոտ և ավելի շուտ կատարվեր կեսարյան հատումը», - ասաց Անդրանիկ Պողոսյանը:

 

Հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել են անհապաղ կեսարյան հատում: Կինը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: