Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում:

 

Միջոցառումը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից և ներառելու է 4 վազքարշավ.
• Կիսամարաթոն (21,097 կմ),
• Փոխանցումավազք (2 x 10,550 կմ),
• 5 կմ վազք,
• 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար:

 

Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում են պետական ծրագրի շրջանակներում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է ՌԱՆԱՐՄ ընկերությունը՝ ՀԱՖ-ի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:

 

Վերջինս հաստատեց, որ մրցարշավը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՖ-ի կողմից հավատարմագրված միակ միջազգային վազքարշավն է: ՌԱՆԱՐՄ-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին:

 

Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել չարտերային թռիչքներ իրականացնող միջազգային ՊրոՍկայ ընկերությունը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Ռենո Արմենիան, Արմենիա Մարիոթ հյուրանոցը, Օրանժ Արմենիան, Ջերմուկ գրուպը՝ իր Պեպսի և Բյուրեղ Սպորտ ապրանքանիշներով, ինչպես նաև Սիքստ ընկերությունը և Գրանթ Թորնթոնը: Ծրագրի ինֆորմացիոն աջակիցն է ՆյուՄեգ ամսագիրը:

 

Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS):

 

«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 10-ին:
Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:
Պատվավոր հյուրերի, այլ մանրամասների և մասնակցության կարգի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայքէջին (www.runarm.am) և հետևյալ սոցիալական ցանցերին (Facebook, Twitter):

 

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին Հանրապետության հրապարակում։