Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է վերափոխվել սոցիալ-լիբերալ կուսակցության՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրինակով: Այս մասին Չորրորդ ինքնիշխանություն թերթին տված հարցազրույցում ասել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ չի հրաժարվի կուսակցությունը գլխավորելուց, եթե իրեն վստահություն ցուցաբերվի:
Այն, որ բազմաշերտ Կոնգրեսը պետք է կուսակցության վերածվի, արդեն վաղուց է խոսվում: Սակայն, առաջին հերթին ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնարկում էր, որ միշտ պատկանել է ու պատկանելու է մեկ կուսակցության՝ Հայոց համազգային շարժմանը: Երկրորդ, նման ինստիտուցիոնալացումը նպատակահարմար է նախքան խորհրդարանական կամ էլ գոնե նախագահական ընտրությունները:
Սակայն, ըստ երեւույթին, Կոնգրեսի տարաձայնությունները հասել են մի կետի, երբ պետք է հայտարարվի բլոկի փլուզման մասին: Եվ որոշվել է, որ բաժանման մասին հայտարարելու լավագույն միջոցը նոր կուսակցության ստեղծումն է:
Արդյոք դա նշանակում է, որ մի քանի կուսակցություններ կհայտարարեն ինքնալուծարման մասին, օրինակ, նույն ՀՀՇ-ն կամ ՀԺԿ-ն: Հավանական է, որ կուսակցության մեջ մտնելը կօգնի Լյուդմիլա Սարգսյանին լուծել իր Հնչակյան կուսակցության խնդիրները, որի համակարգողն է համարվում, չնայած որ կուսակիցների մի մասը չի ճանաչում նրան: Ինքնալուծարման մասին կհայտարարի՞ Հրանտ Բագրատյանի Ազատություն կուսակցությունը, որը հանդես է գալիս սոցիալ-լիբերալ դիրքերից, եւ եթե այո, ապա ինչու Տեր-Պետրոսյանը հրապարակային չի աջակցել նախագահի թեկնածու Բագրատյանին: Եվ եւս մեկ հարց՝ կուսակցության մեջ կմտնի՞ Նիկոլ Փաշինյանը, թե նա վերջնականապես որոշել է անցում կատարել քաղաքացիական պայքարի դաշտ:
Ինչ էլ լինի, ակնհայտ է, որ ընդդիմադիր լիբերալ դաշտում «խոշորացում» տեղի կունենա, որը, որպես կանոն, ուղեկցվում է «օպտիմալացմամբ» կամ, այլ կերպ ասած, «կրճատմամբ»:
Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը, անկասկած, լուծել է իր խնդիրներից մեկը՝ իր կողմնակիցների համար տեղ է ապահովել խորհրդարանում եւ ընդդիմությանը հրապարակից խորհրդարան է տեղափոխել: Ճիշտ է, դրա համար հարկ էր գործարքի գնալ ավազակապետության հետ, որը Կոնգրեսին անհրաժեշտ նվազագույն ձայներ է «տվել»՝ ուղիղ այնքան, որպեսզի այն կարողանա խորհրդարան մտնել: Սակայն, այսպես թե այնպես, նվազագույն առաջադրանքն իրականացված է:
Այժմ նոր խնդիր է առաջանում, այն է՝ խորհրդարանում ավելացնել լիբերալիզմի կողմնակիցների թիվը, եւ դրա համար լավագույն միջոցը նոր կուսակցությունն է՝ հստակ գաղափարախոսությամբ, առանց զանգվածներ ներգրավելու, փողոց դուրս գալու ու հեղափոխական տրամադրված կողմնակիցների առաջ արդարանալու անհրաժեշտության:
Վատ է, սակայն, այն, որ այս ամենը չի արվել գոնե ընտություններից մի քանի ամիս առաջ: Դա կասկածներ է առաջ բերում, որ ներկայիս ընտրությունները «հանձնելու» եւ 2017 թվականին պատրաստվելու որոշումն ընդունվել է շատ ավելի վաղ, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը կհիշեր իր տարիքի մասին: Եթե նման որոշում կար, ավելի ազնիվ կլիներ նախօրոք հայտարարել, որպեսզի մարդիկ կարողանային կողմնորոշվել: Պետք էր ասել մարդկանց, որ ավելի լավ է «հանձնել» ընտրությունները: Էլ ավելի լավ կլիներ, եթե Կոնգրեսը հրաժարվեր խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց: