Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքներն է համարում «Իսլամական պետությունը» եւ Ռուսաստանը:

 

Կալիֆոռնիայում ելույթ ունենալով ծովային հետեւակի զինծառայողների առջեւ, նախարարն առաջին տեղում դրել է «ԻՊ կոչված այլանդակ երեւույթը, որի դեմ մենք պետք է մարտնչենք եւ որին մենք կհաղթենք»:

 

Սպառնալիքներից երկրորդը Քարթերը համարել է Ռուսաստանի քաղաքականությունը վերջին տարվա ընթացքում: «Մենք պետք է ՌԴ-ի գործողություններին խոչընդոտենք ինչպես մեր ազգային շահերի տեսանկյունից, այնպես էլ այն բանի կապակցությամբ, որ կարեւոր դաշնակիցներ ու գործընկերներ ունենք աշխարհի այդ մասում եւ կարեւոր պարտավորություններ ունենք ՆԱՏՕ-ի գծով», ասել է Քարթերը:

 

Ընդսմին նախարարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ-ի ղեկավարության գործողությունները «ռուսներին տանում են ոչ ճիշտ ուղղությամբ», քանի որ դա ուժեղացնում է առճակատումը մյուս երկրների հետ:

 

«Այդ երկու սպառնալիքներն ավելի են մեծացել: Մենք դրանց երկուսին էլ պետք է դիմակայենք»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: