Տավուշի մարզում հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանի և 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: Վլադիմիր Գևորգյանը գտնվում է Բերդի հիվանդանոցում: Նա ստացել է թեթև վիրավորումներ և վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Մյուս զինծառայողին' Գոռ Գևորգյանին գիշերը տեղափոխել են Երևանի պաշտպանության նախարարության Մուրացանի անվան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողը Երևան է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նա ստացել է կրծքավանդակի հրազենային, այլ բեկորային վիրավորումներ: «Նրան վիրահատել են, վիճակը բավարար է: Ժամանակ է հարկավոր, որպեսզի զինծառայողը կարողանա վերականգնվել»,- ասաց Արամ Ասատուրյանը' հավելելով, որ դեռևս վաղ է ասել, զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ:

 

Սկսած օգոստոսի 31-ի գիշերվանից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի և Բերդ քաղաքի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը և 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը։