Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել բարեգործական ձեռնարկ:
Միջոցառման շրջանակներում հավաքականի առաջատարը նվերներ էր հանձնել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության՝ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից ժամանած շահառու ընտանիքների երեխաներին: Միջոցառման շրջանակներում Հենրիխ Մխիթարյանին հանձնվեց «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը:
«Միջոցառմանը մասնակցելու համար երեխաները շատ ուրախ են, որովհետև Հենրիխ Մխիթարյանը մերօրյա հերոսն է: Իսկ գիրն ու գրականությունը հայ ազգի համար միշտ էլ եղել են գոյատևելու և հզորանալու առհավատչյան, ուստի երկտեղել սպորտը և գիրն ու գրականությունը, լավագույն միջոցներից է՝ երեխաներին հաղորդակից դարձնելու: Երեխաները «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու ընտանիքների երեխաներն են: Մի մասը Գյումրիից են ժամանել, մի մասը՝ Վանաձորից, Արտաշատից, Աբովյանից և սիրիահայ երեխաները՝ Երևանից»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:
Միջոցառմանը ներկա երեխաներից մեկը, ով Մխիթարյանի կողմից նվեր էր ստացել, մեզ հետ զրույցում նշեց, որ հայ կիսապաշտպանին լավագույնն է մաղթում: