Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը սեպտեմբերի 3-ին հանդիպում են անցկացրել Վատիկանի Առաքյալների պալատում, որի ընթացքում քննարկվել Է Մերձավոր Արեւելքի սոցիալ-քաղաքական իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սբ. Աթոռի մամուլի ծառայությանը, զրույցի ընթացքո ւմ նշվել Է «միջկրոնական երկխոսության կարեւորությունը եւ կրոնական առաջնորդների պատասխանատվությունը հաշտության գործընթացի առաջշարժման ու ժողովուրդների միջեւ խաղաղության համար»:

 

Կողմերը ընդգծել են «իսրայելացիների եւ պաղեստինցիների միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդման կարեւորությունն ու անհետաձգելիությունը եւ երկու ժողովուրդների արդարացի ակնկալիքները հարգող համաձայնության հասնելու համար ուղղակի բանակցությունների վերսկսումը»:

 

Քահանայապետը եւ իսրայելական պետության ղեկավարը հատուկ ուշադրություն են հատկացրել քրիստոնյաների եւ մյուս փոքրամասնությունների դրությանը Մերձավոր Արեւելքում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջպետական հարաբերությունների առանձին խնդիրներ, մասնավորապես, Վատիկանի եւ Իսրայելի միջեւ երկկողմ պայմանագրի պատրաստման ընթացքը:

 

Հունիսի 26-ին Վատիկանը եւ Պաղեստինը լիամասշտաբ պայմանագիր են ստորագրել երկու պետությունների փոխհարաբերությունների վերաբերյալ, որում նշվել Է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության խաղաղ լուծման կարեւորությունը՝ երկու պետությունների գոյակցության հայեցակարգի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: