Վերջին մի քանի ամիսների ընթացքում ադրբեջանցի երկրորդ դիվանագետն է հրապարակորեն քննադատել իշխանություններին, ինչն Ադրբեջանում հերթական սկանդալի պատճառն է դարձել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Անար Հուսեյնովը ադրբեջանական ԶԼՄ-ներին նամակ է հղել, որում քննադատել է երկրի իշխանություններին, հատկապես' ԱԳՆ-ին սխալ քաղաքականություն տանելու համար:

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւի խոսքով (ԱզերԹԱջ)' Անար Հուսեյնովն ամիջապես հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ԶԼՄ-ներում «սադրիչ, զրպարտիչ եւ վիրավորական բնույթի» նամակ հրապարակելու համար:

 

Ըստ Հիքմեթ Հաջիեւի' Ավստրալիայում դեսպանատան աշխատակից Անար Հուսեյնովը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է «դիվանագիտական ծառայության մասին օրենքը, ԱԳՆ կանոնադրության եւ աշխատանքային պայմանագրի դրույթները կոպտորեն խախտելու, իր գործունեության ընթացքում լուրջ ծառայողական խախտումներ թույլ տալու» համար:

 

Haqqin.az-ին հայտնի է դարձել, որ Անար Հուեյնովն ու նրա կինը քաղաքական ապաստանի դիմում են ներկայացրել Ավստրալիայի կառավարությանը, ինչն արդեն ընդունվել է:

 

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը:

 

Արիֆ Մամեդովը զբաղեցրած պաշտոններից հեռացվել էր այն բանի համար, երբ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Մասնավորապես, այս տարվա մայիսին Բաքվում 16 հարկանի բնակելի տան այրվելու հետեւանքով 16 մարդու զոհվելու եւ հարյուրավոր մարդկանց վիրավորվելու համար Մամեդովը մեղադրել էր պետական չինովնիկներին: Արիֆ Մամեդովի այդ կոչը պաշտպանել են ադրբեջանցի մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ, դեմոկրատական հայացքների համար աշխատանքից հեռացված դիվանագետներ, մամուլի եւ հասարակայնության ներկայացուցիչներ: