Կարող էինք հաղթել, բայց, ցավոք սրտի, չկարողացանք մեր պահերը օգտագործել։ Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրո 2016թ-ի ընտրական փուլում Հայաստան-Դանիա հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Կարող էինք հաղթել, բայց, ցավոք սրտի, չկարողացանք մեր պահերը օգտագործել: Հուսով եմ՝ այս ընտրական փուլը կկարողանանք հաղթանակով ավարտել»:
Անդրադառնալով իր խաղայիին դիրքին, Մխիթարյանը ասաց.
«Հոգեհարազատ է ենթահարձակվողի դիրքում խաղալը: Բայց, եթե պետք է խաղալ հենակետայինի դիրքում, ուրեմն պետք է այդտեղ խաղամ: Հիմա, եթե ասեմ, որ ինձ վատ եմ զգում հենակետայինի դիրքում, ինչ-որ բան կփոխվի՞:Տեղյակ չէի, որ դանիացի լրագրողներ կային, ովքեր հաղորդում էին պատրաստում իմ մասին: Շատ հաճելի է , հուսով եմ, որ այս խաղից հետո ուրիշ ֆուտբոլիստներ էլ նրանց ուշադրության կենտրոնում կհայտնվեն, և նրանց մասին էլ հաղորդում կպատրաստեն: Հուսով եմ՝ այս խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ եվրոպական ակումբների ուշադրությունը կգրավեն, որովհետև շատ լավ հանդիպում անցկացրին: Եկեք ռեալ նայենք. պետք չէ Հայաստանի հավաքականից սպասել ինչ-որ հրաշք: Մենք չունենք 50 մլն ժողովուրդ, որ այդքանից ունենաս շատ լավ հավաքական: Հայաստանում ունենք երևի 2.5 մլն հայ, ամբողջ աշխարհում, հավանաբար, 8 մլն հայ: 10 միլիոն հայից ինչ որ բան սպասելը դժվար է: Ով գալիս է հավաքական, փորձում է լավագույնն անել, որպեսզի թիմին օգուտ տա: Ճիշտ է՝ անցյալ երկու ընտրական փուլերը շատ լավ, շատ հաջող էր Հայաստանի հավաքականի համար, սակայն կարելի է ասել, որ ինչ որ տեղ բախտի գործոնը մեր կողմն էր: Այս տարի չստացվեց, դրա համար պետք է հետևություններ անենք:
Եկեք չխառնենք, որովհետև Բունդեսլիգայում դորտմունդի «Բորուսիան» բոլորովին այլ ֆուտբոլ է խաղում, բոլորովին այլ փիլիսոփայություն է, այստեղ բոլորովին ուրիշ, այդ պատճառով էլ պետք չէ մտածել, որ, եթե այլ դիքրում խաղայի, անպայման մեկ կամ երկու գոլի հեղինակ կդառնայի։ Կարող ենք ասել, որ ամենաշատը չհերիքեց բախտի գործոնը»:
Այն հարցին՝ արդյոք կա՞ր 11 մետրանոց հարված, Մխիթարյանը նշեց.
«Չեմ կարող հստակ ասել, որովհետև կրկնապատկերը չեմ դիտել, եթե 11 մետրանոց չի նշանակվել, նշանակում է, երևի թե, կանոնների խախտում չկար»: