Բելգիացի խորհրդարանականները տպավորված են Հայաստանում խոսքի ազատության բարձր մակարդակով: Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի նախագահ Ժյուլի դը Գրոտն ընդգծեց, որ սեպտեմբերի 11-ին, երբ իրենք վերադարձել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելությունից, իրենց հյուրանոցի մոտ նկատել են ցուցարարներին, ովքեր բողոքում էին հոսանքի թանկացման դեմ:

 

«Իհարկե, մենք այստեղ չենք, որպեսզի գնահատական տանք այդ բողոքի ակցիաներին, քանի որ չենք ցանկանում միջամտել ձեր երկրի ներքին գործերին: Սակայն մենք իջանք ներքև և շատ ազատ շփում ունեցանք ցուցարարների հետ: Այս ընթացքում մենք Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանդիպումներ ենք ունեցել երիտասարդության տարբեր խմբերի հետ, ընդդիմության հետ, իսկ ցուցարարների հետ շփումն էլ ավելի ամրապնդեց մեր այն համոզմունքը, որ խոսքի ազատությունն այս երկրում ամուր հիմքերի վրա է դրված, մենք տպավորված ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դը Գրոտը:

 

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում իրենք հասկացել են, թե ինչու է Հայաստանը որոշում կայացրել անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: «Միևնույն ժամանակ, նախագահը մեզ վստահեցրեց, որ հայ ժողովուրդը հավատարիմ է մնում եվրոպական արժեքներին: Երիտասարդ ցուցարարների հետ շփումնեի ընթացքում մենք հասկացանք, որ իսկապես հայ ժողովուրդը առաջ է շարժվում՝ հիմնվելով եվրոպական արժեքների վրա: Հայ երիտասարդների պահվածքը եվրոպական արժեքների ամենօրյա կենսունակության արտահայտությունն է»,- ընդգծեց Ժյուլի դը Գրոտը: